Մատչելիության հղումներ

logo-print

ԸՕ-ում փոփոխությունների համար մինչև հունիսի վերջ ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի


Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան, արխիվ

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան, արխիվ

ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը երեկ ԱԺ-ում 4+4+4 ձևաչափով հանդիպման ավարտին կառավարության անդամների հետ համաձայնագիր ստորագրեցին։

Ընդդիմության ու քաղհասարակության պահանջները բավարարելու համար իշխանություններն արդեն առաջիկա օրերին կարող են փոփոխություններ նախաձեռնել Ընտրական օրենսգրքում։

«Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ), Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), ՀՅ Դաշնակցությունը (ՀՅԴ), «Օրինաց երկիր»-ը (ՕԵԿ) երեկ ուշ երեկոյան Ազգային ժողովում 4+4+4 ձևաչափով հանդիպման ավարտին կառավարության անդամների հետ նման համաձայնագիր ստորագրեցին։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ Ընտրական օրենսգրքում փոփոխությունները կատարելու համար մինչև հունիսի վերջ խորհրդարանում արտահերթ նիստ կհրավիրվի։ «Ընտրողները և հասարակությունը միշտ չէ, որ խորը ուսումնասիրում են Ընտրական օրենսգիրքը, և նրանց համար շատ կարևոր է քաղաքական ուժերի կողմից վստահել-չվստահելը։ Այս գործընթացը շատ կարևոր է այդ տեսանկյունից», - ասաց Հարությունյանը։

Համաձայնագրի տակ երեկ չստորագրեցին միայն քաղհասարակության ներկայացուցիչները, հեռակա կարգով, սակայն, տեղեկացնելով՝ առաջարկվող փոփոխությունները դրական են գնահատում։

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կառավարության այս քայլը ընդդիմության և քաղհասարակության ձեռքբերումը համարեց։ «Կարծում ենք, որ սա, առանց չափազանցության, կարելի է համարել պատմական իրադարձություն։ Նա չի երաշխավորում ավելի արդար և ազատ ընտրություն Հայաստանում. մնում են չլուծված խնդիրներ, չի լուծվում նաև ընտրակաշառքի խնդիրը, ռեսուրսների չարաշահման խնդիրը, բայց լուծվում են շատ լուրջ խնդիրներ՝ կապված տեղամասերում օրինականության վերահսկման հետ», - ասաց Զուրաբյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հավելեց. - «Շատ կարևոր քայլ ենք այսօր անում, և սա կարծում եմ, որ պետք է օրինակ լինի մնացած բոլոր քաղաքական ուժերի համար, որ փոխզիջում չի նշանակում կապիտուլյացիա, փոխզիջում չի նշանակում սեփական սկզբունքներից հրաժարում, փոխզիջում չի նշանակում ինչ-որ սկզբունքների դավաճանություն, փոխզիջում նշանակում է՝ հնարավոր կոմպրոմիսների միջոցով հնարավոր լավագույն լուծումները գտնել»։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս ձևաչափով քննարկումներն իրեն հաճախ սիզիփոսյան աշխատանք էին հիշեցնում։ «Բայց երևի մենք մի քիչ խելոք գտնվեցինք, որ կարողացանք ինչ-որ մի պարբերության ժամանակ՝ Սիզիփոսի, գլխի ընկնել, որ մյուս քայլը պետք չէ անել, հասել ենք գագաթին՝ կանգնենք: Եվ դրա համար ես իսկապես բոլորիս շնորհավորում եմ», - ասաց Ռուստամյանը։

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի համոզմամբ, այս փաստաթղթով մասամբ կվերացվի կրկնաքվեարկությունը։ «Կարծում եմ, որ այս փաստաթուղթը, եթե համապատասխան ֆինանսավորում լինի և կարողանանք մտցնել այս նորամուծությունը Ընտրական օրենսգրքում, մենք մասամբ կվերացնենք կրկնակի քվեարկությունը, ինչու եմ ասում մասամբ՝ որովհետև 100 տոկոս նպատակներին հասնելու համար պետք է կամք և վճռականություն պատասխանատուների և իշխանությունների կողմից», - ասաց Մարգարյանը։

Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավոր Հովհաննես Սահակյանը, աննախադեպ որակելով ձեռք բերված փոխհամաձայնությունը, այն պարտադրող համարեց։ «Այս աննախադեպ փոխհամաձայնությունը պարտադրող է, որովհետև կարծես թե այսօր քաղաքական ուժերը, դեմ-դիմաց նստած մեր հանրությանը, հասարակությանը, ասում են՝ մենք համաձայնության ենք եկել էս փաստաթղթի շուրջ, որի արդյունքում մենք կարող ենք ունենալ վստահելի ընտրություններ», - հայտարարեց Սահակյանը:

XS
SM
MD
LG