Մատչելիության հղումներ

Լավրով. «Չի կարելի անտեսել այլ երկրների երկրպագուների սադրիչ գործողությունները»


Րոպեներ առաջ Լիլում Սլովակիայի ֆուտբոլի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Ռուսաստանի թիմին, որն այս պահին ունի ընդամենը մեկ միավոր՝ երկու հանդիպումներից հետո:

Ֆուտբոլային այս խաղը չսկսված՝ արդեն հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ ռուս երկրպագուների հետ կապված սկանդալի պատճառով. օրեր առաջ ՈւԵՖԱ-ն այսպես ասած՝ դեղին քարտ էր ցույց տվել Ռուսաստանի հավաքականին՝ սպառնալով ընդհանրապես զրկել առաջնությանը մասնակցելու իրավունքից, երբ ռուս երկրպագուները զանգվածային անկարգություններ էին հրահրել Մարսելում՝ Անգլիայի հավաքականի հետ խաղից հետո:

Այսօր նոր միջադեպերից խուսափելու համար Լիլում անվտանգության հավելյալ միջոցառումներ էին ձեռնարկվել, մարզադաշտում հազարավոր ոստիկաններ էին տեղակայվել, ավելի վաղ էլ՝ այս գիշեր մի խումբ ռուս երկրպագուներ բերման էին ենթարկվել՝ ոչ սթափ վիճակում լինելու համար:

Ընդ որում, ֆուտբոլային այս կրքերը դուրս են եկել մարզադաշտի սահմաններից՝ սպառնալով վերածվել դիվանագիտական լարվածության: Ժամեր առաջ, համենայնդեպս, Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդեց, թե երկրում Ֆրանսիայի դեսպանը հրավիրվել է փակ զրույցի, որի ընթացքում ռուսական կողմը դատապարտել և անընդունելի է համարել ֆրանսիացիների վերաբերմունքը ռուս երկրպագուների նկատմամբ:

Արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ իր հերթին գրավոր դիմում է ուղարկել ֆրանսիացի պաշտոնակցին՝ պնդելով, թե ֆրանսիական կողմը խախտել է միջազգային պարտավորություններն ու խտրական վերաբերմունք դրսևորել ռուսների նկատմամբ: Այդ մասին Լավրովն ասել է այսօր՝ Պետդումայում, պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ․ - «Այո, մեր որոշ երկրպագուների պահվածքն անընդունելի է, սակայն, մենք նաև չենք կարող աչք փակել այն փաստի վրա, որ նրանք փորձում են անտեսել այլ երկրների երկրպագուների ակնհայտ սադրիչ գործողությունները: Երևի հեռուստատեսությամբ տեսել եք զազրելի այն կադրերը, որտեղ երևում է՝ ինչպես են ոտքի տակ տալիս Ռուսաստանի դրոշը, վիրավորական հայտարարություններ հնչեցնում Ռուսաստանի ղեկավարության, ռուս առաջատար մարզիկների հասցեին»:

Լավրովը նաև պնդել է, թե ֆրանսիացիները ծայրահեղ անընդունելի են պահել իրենց, երբ կանգնեցրել են ռուս երկրպագուներին տեղափոխող ավտոբուսն ու սկսել նրանց փաստաթղթերը ստուգել, կամ երբ միջադեպերի մասին չեն տեղեկացրել Ռուսաստանի հյուպատոսությանը:

«Մենք կատարվածի մասին իմացանք սոցիալական ցանցերից», - դժգոհել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ կոչ անելով Ֆրանսիայի իշխանություններին սթափ քայլեր ձեռնարկել, որպեսզի նման միջադեպերը չկրկնվեն:

Չնայած ռուսական կողմի նախազգուշացումներին՝ այսօր Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարեց, թե որոշել է երկրից արտաքսել նախօրեին ձերբակալված տասնյակ երկրպագուներից չորսին:

«Անընդունելի է ժամանել մի երկիր իբր քո հավաքականին երկրպագելու համար, բայց դրա փոխարեն անկարգություններ սադրել, կռվել մյուսների հետ և բռնություններ սփռել քաղաքով մեկ: Այդպիսի մարդիկ մեր երկրում անելիք չունեն և պետք է արտաքսվեն», - այսօր հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան լը Ֆոլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG