Մատչելիության հղումներ

Արամ Աթեշյանի այցի դեմ բողոքը հասավ Հայաստանի խորհրդարան


Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը, արխիվ:

Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը, արխիվ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը այսօրվա նիստի սկզբին հրապարակեց Թուրքիայի հայ համայնքի անդամների նամակը, որով նրանք Հայաստանի իշխանություններից և Մայր Աթոռից պահանջում են թույլ չտալ, որ Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը մասնակցի այս ամիս կայանալիք Գերագույն հոգևոր խորհրդի նիստին:

​«Բողոքում ենք Աթեշյանի այցը, իրեն հորդորում ենք զերծ մնալ հավաքական ցանկացած հայտարարություն անել հայության անունից և այլևս ոտք չդնել Մայր Աթոռ Էջմիածնի տարածք», - նամակից մեջբերեց Զոհրաբյանը:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի անվան շուրջ սկանդալը ծագեց, երբ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Աթեշյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նամակ ուղղեց, որում հայ համայնքի անունից ափսոսանք էր հայտնում գերմանացի օրենսդիրների որոշման կապակցությամբ` հայտարարելով, թե «հայերը օգտագործվում են իմպերիալիստական ուժերի կողմից»:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով, այս նամակից հետո պատրիարքը չպետք է Հայաստան այցելի․ - «Ես հասկանում եմ, որ լրջագույն կաշկանդվածություն ունեն մեր հոգևոր սպասարկուները Թուրքիայում՝ հաշվի առնելով Թուրքիայի իշխանության ջարդարար և տոտալիտար կերպարը, բայց ամեն ինչ պիտի լինի չափի մեջ: Այն գնահատականները, որ հնչեցրել է այս հոգևորականը, բացարձակապես անընդունելի են»:

Պոլսո Հայոց պատրիարքարանից այսօր մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, սակայն երեկ պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում հայտնվել էր Պոլսո Պատրիարքական Աթոռի կրոնական ժողովի հայտարարությունը Աթեշյանի նամակի մասին, որում նշվում է, որ արքեպիսկոպոսը նամակը գրել է՝ ընդառաջելով «համայնքային հաստատությունների մի շարք վարիչների ու առաջատար բարերարների ներկայացրած պահանջին», բացի այդ, «սրբազան հայրը հետևել է նախկին պատրիարքների և բարձրաստիճան հոգևորականների օրինակին»:

«Սակայն, որպեսզի ապագայում ողջ պատասխանատվությունը չընկնի միայն Պատրիարքական Աթոռի վրա, ճիշտ ենք համարում, որ նման արտահայտությունները գրի առնվեն լայնանիստ խորհրդակցական հանդիպումներով` հաշվի առնելով որոշ զգայությունները», - ասված է հայտարարության մեջ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանը ավելի վաղ արձագանքելով Աթեշյանի նամակին՝ նշել էր, թե չի փորձում արդարացնել որևէ մեկին, սակայն նաև չի բացառում, որ հարկադրանք է եղել:

Շիրակի և Արցախի թեմերի առաջնորդները ևս իրենց հարցազրույցներում կոչ էին արել չմեղադրել Արամ արքեպիսկոպոսին՝ նշելով, թե այս իրավիճակում նա գուցե անգամ լռություն պահպանելու հնարավորություն չի ունեցել:

Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» պարբերականի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը համաձայն չէ, թե արքեպիսկոպոս Աթեշյանը չէր կարող գոնե լռություն պահպանել․ - «Հայաստանի մեջ ուրիշ հոգևորականներ, օրինակ՝ Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև սրբազանը կամ Շիրակի հոգևոր առաջնորդ Աջապահյան Միքայել սրբազանը, աշխատում են հասկանալ նրա պայմանները՝ ենթադրելով, որ հավանաբար ճնշումների էր ենթարկվել․․․ Բայց նրանց [ճնշում բանեցնողներին] «ոչ» ասել էր կարելի էր»:

«Ակոս»-ի խմբագրակազմը իր էջերում անհամաձայնություն էր հայտնել Աթեշյանի արտահայտած կարծիքին և հանդես էր եկել պատասխան նամակով՝ ընդգծելով, որ արքեպիսկոպոսի նամակը կարդացել են «բարկության և ամոթի զգացումով»:

Երկլեզու հայկական թերթում վստահ են, որ տեղի ունեցածից հետո պետք է նոր պատրիարք ընտրել:

XS
SM
MD
LG