Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն ևս 22 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին


ԱՄՀ լոգոն Վաշինգտոնում հիմնադրամի կենտրոնակայանի պատին
ԱՄՀ լոգոն Վաշինգտոնում հիմնադրամի կենտրոնակայանի պատին

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդը երեկ ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» եռամյա ծրագրի (անգլերեն՝ EFF) շրջանակում Հայաստանի կատարողականի երրորդ ամփոփիչ ստուգումը: Ավարտը տալիս է 15.65 միլիոն ՓՀԻ (փոխառության հատուկ իրավունք) (շուրջ 22.01 միլիոն դոլար) տրամադրելու հնարավորություն՝ ծրագրի շրջանակում ընդհանուր հատկացումները հասցնելով 50.87 միլիոն ՓՀԻ-ի (շուրջ 71.53 միլիոն դոլար), ասված է ԱՄՀ-ի հաղորդագրությունում:

82.21 միլիոն ՓՀԻ (շուրջ 115.60 միլիոն դոլար) գումարով երկարաձգվող սույն ծրագիրը հաստատվել է 2014 թ. մարտի 7-ին:

Ավարտելով ամփոփիչ ստուգումը՝ Գործադիր խորհուրդը հավանություն է տվել նաև բյուջեի պակասուրդի 2015 թվականի դեկտեմբերի վերջի կատարողական չափորոշչի (ԿՉ) չկատարման համար բացառություն անելու, 2016-ի հունիսի վերջի բյուջեի պակասուրդի և բյուջետային ներքին վարկավորման ԿՉ-ների փոփոխության, ինչպես նաև զուտ ներքին ակտիվների (ԶՆԱ) ԿՉ-ից դրամավարկային քաղաքականության շուրջ խորհրդակցելու դրույթի անցում կատարելու (2016 թ. հունիսի վերջի դրությամբ) մասին իշխանությունների դիմումին:

Գործադիր խորհրդի կողմից Հայաստանի վերաբերյալ քննարկումից հետո Կառավարիչ տնօրենի տեղակալ և նախագահողի պաշտոնակատար Միցուհիրո Ֆուրուսավան, մասնավորապես, ասել է․ - «Չնայած արտաքին դժվարին պայմաններին՝ ծրագրի կատարողականն ընդհանուր առմամբ բավարար է եղել, ընդ որում ապահովվել է թիրախների մեծ մասը: Համաշխարհային և տարածաշրջանային թույլ պայմանները, ապրանքների ավելի ցածր գների և դրամական փոխանցումների միջոցով, նպաստել են ներքին պահանջարկի նվազմանը: Ավելին, բացասական են եղել բանկային վարկավորման աճը և գնաճը: Այնուամենայնիվ, իրական ՀՆԱ-ի չափավոր աճը պահպանվել է՝ պայմանավորված հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերում արտահանման հետ կապված առաջարկի գործոններով: Դրամավարկային պայմանները կայունացել են, իսկ արտարժութային շուկայի ճնշումները՝ նվազել»:

«Իշխանությունները հավատարիմ են մնում հարկաբյուջետային կոնսոլիդացմանը և պարտքի կայունությանը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով եկամուտների աճին` ապահովելով և ավելացնելով կապիտալ և սոցիալական ծախսերը: Հարկային նոր օրենսգիրքը (Ազգային ժողովին վերջերս ներկայացված) տալիս է հարկման բազան ընդլայնելու լուրջ հնարավորություն՝ կրճատելով արտոնությունները և արձագանքելով բացերին և այդպիսով օժանդակելով թե՛ կոնսոլիդացմանը և թե՛ աճին նպաստող ծախսերի ավելացմանը», - նշել է Ֆուրուսավան:

Ըստ նրա՝ «պահպանվում է մարտահրավերներ պարունակող հեռանկարը, սակայն ծրագրի ռիսկերը կառավարելի են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG