Մատչելիության հղումներ

Կառավարության որոշումը չի տարածվում «Դիլիջան» ազգային պարկի վրա:

Գործադիրի այսօրվա նիստում հարցը ներկայացնող Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ թույլատրվելու է միայն օճառի, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրություն․ - «Հարցը քննարկվել է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ, և երկար ժամանակ է, որ տարբեր ուղղություններով աշխատանքներ են իրականացվել»:

Մինասյանը որևէ կերպ չհստակեցրեց, թե ինչու որոշվեց երկրի առողջարանային կենտրոններից մեկում թույլատրել քիմիական արտադրության բացումը:

Հայաստանի առողջարանային կենտրոններից մեկում քիմիական արտադրություն թույլատրելու որոշումը կառավարությունը հիմնավորել է Դիլիջանը զարգացնելու, ներդրումները խրախուսելու և նոր աշխատատեղեր ստեղծելու հանգամանքով․ - «Դիլիջանը կրթամշակութային միջազգային կենտրոն դարձնելու նպատակով նախատեսվում է Դիլիջանում ձևավորել քաղաքաշինական և ճարտարապետական սկզբունքներին համապատասխան, պատմամշակութային արժեքների պահպանմամբ, առողջ և գրավիչ միջավայր, որի արդյունքում կստեղծվեն ներդրումների համար բարենպաստ պայմաններ»:

Փաստորեն, Դիլիջանը կրթամշակութային միջազգային կենտրոն դարձնելու համար իշխանությունները թույլատրում են, որ այնտեղ հիմնվի օճառի գործարան:

Օրվա ընթացքում Էկոնոմիկայի նախարարությունից չարձագանքեցին պարզաբանումներ տալու «Ազատության» խնդրանքին:

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը տեղյակ չէր կառավարության այսօրվա որոշումից: «Ազատության» հետ հեռախոսազրույցում Սանթրոսյանը հույս հայտնեց․ - «Եթե կառավարությունը նման որոշում է կայացրել, ուրեմն մի բան գիտի»:

Դիտարկմանը, թե օճառի գործարանի կառուցումն ու կրթամշակութային կենտրոնը կարծես հակասում են միմյանց, քաղաքապետը արձագանքեց․ - «Դիլիջանը այսօր, խոշորացումից հետո մեծ հասկացողություն է: Ես չգիտեմ ուղղակի որտեղ տարածք կհատկացվի կամ ինչ ծրագիր ա»:

«Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զառաֆյանը «անլուրջ» որակեց կառավարության պնդումները, թե քիմիական այդ արտադրությունները որևէ հետևանք չեն ունենա «Դիլիջան» ազգային պարկի համար․ - «Ես ձեզ ուզում եմ քարտեզ ցույց տալ․ այստեղ ստույգ երևում են «Դիլիջան» ազգային պարկի սահմանները, և շատ լավ երևում է, որ Դիլիջան քաղաքը հենց այդ ազգային պարկի կենտրոնում է, և դրա կողքին մենք կարող ենք տեսնել էնդեմիկ և Կարմիր գրքում գրանցված տեսակների պոպուլյացիաների տեղերը»:

Զառաֆյանը ընդգծեց, որ օճառի, կոսմետիկական միջոցների արտադրությունն այսօր գաղտնիք չէ, և ակնհայտ է, որ արտանետումները բացասական ազդեցություն են ունենալու Դիլիջանի էկոհամակարգի վրա:

XS
SM
MD
LG