Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարարության ձերբակալված երրորդ պաշտոնյային մեղադրանք առաջադրվեց


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն այսօր մեղադրանք է առաջադրել առողջապահության նախարարության օրերս ձերբակալված երրորդ պաշտոնյային՝ պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանին։

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Ծատուրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Սարո Ծատուրյանը, նախարարության ևս երկու պաշտոնյաները՝ Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը, հիշեցնենք, ձերբակալվել են հունիսի 13-ին։ Քննչական կոմիտեն երեկ մեղադրանք առաջադրեց միայն Սեդրակյանին և Խարազյանին։ Երկու պաշտոնյաների նկատմամբ խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։

Սեդրակյանն ու Խարազյանը, ըստ Քննչական կոմիտեի, 2012-2014 թվականների ընթացքում անձնական շահագրգռվածությունից ելնելով չեն կատարել պաշտոնեական պարտականությունները, ինչի արդյունքում կեղծվել են անվճար հատկացվող առողջարանային բուժօգնության ուղեգրերը և յուրացվել պետության փողերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG