Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել նրա հինգ ծառայակիցների


Զինծառայող Կամո Մարտիրոսյանի մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջացառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել 5 զինծառայողի:

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնը հիշեցնում է, որ նախնական քննության տվյալներով՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կամո Մարտիրոսյանը այս տարվա մարտի 14-ին ժամը 16-ի սահմաններում, իր ծառայության վայրում իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով «ինքն իրեն ստորին ծնոտի շրջանից պատճառել է միջանցիկ մահացու հրազենային վիրավորում»: Դեպքի առթիվ նույն օրը Քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննություն կատարելու համար ստեղծվել է քննչական խումբ, իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ:

«Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ դեպքին նախորդած ժամանակահատածում զինծառայող Կամո Մարտիրոսյանին պարբերաբար վիրավորանք է հասցվել համածառայակիցների կողմից՝ տարբեր պատճառներով հնչեցվել հայհոյանքներ, վիրավորական այլ արտահայտություններ։ Բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա 5 զինծառայողի, որոնցից 4-ը՝ պարտադիր ժամկետային, իսկ 1-ը՝ պայմանագրային, առաջադրվել են մեղադրանքներ», - փոխանցում է Քննական կոմիտեն:

Երկու ժամկետային զինծառայողի մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով՝ «զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից», երկու ժամկետային զինծառայողի՝ նույն հոդվածի 2-րդ մասով՝ «զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադասի (ենթակայի) կողմից պետի (հրամանատարի), ինչպես նաև՝ պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ)», պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտին՝ 360-րդ հոդվածի 2-րդ մասով, 365-րդ հոդվածի 1-ին մասով՝ «մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը», և 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ «իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը»։ Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG