Մատչելիության հղումներ

Նախատեսվում է մարզային 118 քաղաքներ ու գյուղեր միավորել 15-ի մեջ


Այսօր շուրջ 100 գյուղապետ ու ավագանու անդամ մայրաքաղաք էին եկել համայնքների խոշորացման հարցը քննարկելու համար։ Կառավարությունն Ազգային ժողովին «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է մարզային 118 քաղաքներ ու գյուղեր միավորել 15-ի մեջ։ Քննարկմանը եկած գյուղապետերն ու ավագանու անդամներից մի քանիսը բողոքեցին՝ ինչո՞ւ նախապես գյուղերում քննարկումներ ու լսումներ չեն անցկացվել։

«Չէ՞ որ կարող է գյուղացիները համաձայն չեն, բարեփոխում է, բայց պետք է նաև հաշվի նստել», - ասում էր ավագանու անդամներից մեկը:

«Ինձ ոչ մի բան հետաքրքիր չի, ուղղակի էն գաղափարը, որ պետք ա կենտրոն լինի ինչ-որ մի համայնքում, կապ չունի որ համայնքում, այսինքն՝ տեղական ինքնակառավարումը գյուղերում վերանում ա», - կարծիք հայտնեց Բարեկամավանի գյուղապետը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ի պատասխան նշեց՝ գյուղացիներից շատերի հետ անձամբ խոսել է, ու այս բարեփոխմանը շատերն են կողմ։ Համայնքապետերին հորդորեց ոչ միայն սեփական անձի, այլև գյուղի բնակիչների մասին մտածել․ - «Հիմա ես հնարավոր եմ դարձնում քո 40 մլն բյուջեի հնարավորությունից անցում կատարել 200 մլն-անոց բյուջեի կառավարում: Ձեր հոգեբանությունը նման ա հետևյալին՝ ավելի լավ ա ես գրպանում ունենամ 5,000 դրամ, քան թե ինձ ստիպեն, որ ես մասնակցեմ 5 միլիոնի կառավարմանը: Չի կարելի այդպիսի բան ասել»։

Փետրվարին հանրաքվե անցկացվեց, որից հետո Լոռու, Սյունիքի ու Տավուշի մի շարք համայնքներ միավորվեցին։ Այսօր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բարեփոխման հեղինակներին խորհուրդ տվեց նախ այս փորձի արդյունքներն ուսումնասիրել ու հետո միայն խոշորացումն այլ համայնքներ տեղափոխել․ - «Մենք ամեն օր չենք գյուղ հիմնադրում, գյուղերը հիմնադրվել են 100-1000 տարիների ընթացքում: Օրինակ Սյունիքում մենք ունենք գյուղեր, որ հազարամյակն են բոլորել, և խոշորացման միջոցով հնարավոր է մենք այդ գյուղերը կորցնենք, մասնավորապես պետք է անդրադարձ կատարենք սահմանամերձ գյուղերին, որովհետև սահմանամերձ գյուղը, նույնիսկ լինելով փոքրաթիվ, ունենալով 50 կամ 100 բնակիչ, ինքն իր ռազմավարական նշանակությամբ ավելի մեծ դերակատարություն ունի, մնալով ինքնուրույն, ունենալով գյուղապետ և ավագանի»:

Պատգամավորի հետ համակարծիք էին նաև Տավուշի սահմանամերձ գյուղերի ղեկավարները՝ բարեփոխման հեղինակներին խնդրելով առայժմ իրենց ինքնուրույնությունից չզրկել։

Գյուղապետերին նաև մտահոգում էր, արդյոք բյուջեի միավորումից հետո կկարողանան շարունակել նախկին ծրագրերն իրականացնել՝ օրինակ մանկապարտեզին անվճար սնունդ կամ գյուղացիներին ամսական 300 դրամով ջուր մատակարարել։

Վաչե Տերտերյանը պատասխանեց՝ այդ հարցերը ոչ թե ինձ պետք է տաք, այլ ինքներդ ձեզ․ - «Իրար հետ կհավաքվեք, կորոշեք ինչ ա լինելու: Ուզում եմ ասել՝ այդտեղ ոչ ոք չի խառնվելու»:

Տավուշի գյուղապետերի մտավախությունը փորձեց փարատել մարզպետ Հովիկ Աբովյանը։

«Ես ի սկզբանե կուզենայի ներկայացնել՝ ինչ է նշանակում խոշոր համայնք: Եթե խոշոր է համայնքը, բնականաբար այն պետք է նաև ուժեղ լինի, կարող է ունենալ բավականին մեծ հնարավորություններ», - ասաց նա:

Բերդավանի 200 գյուղացիներ դեմ են Կողբ համայնքի հետ միավորվելուն ու վարչապետին այսօր նամակ են ուղղել՝ խնդրելով հարցին այլ լուծում գտնել։

Սահմանամերձ Բաղանիսի բնակիչները ևս հիմնականում դեմ են ծրագրին։ Գյուղապետ Նարեկ Սահակյանը «Ազատության» հետ զրույցում նշեց՝ կրակի տակ գտնվող գյուղերի վրա փորձեր կատարելն այնքան էլ ճիշտ չէ․ - «Թող մյուս գյուղերի վրա փորձը կատարեն: Հենց սահմանամերձ համայնքը դնել ռիսկի ու փորձի դաշտ, կարծում եմ, որ ճիշտ չէ»:

Չնայած համայնքապետերի ու բնակիչների մտահոգություններին՝ վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը արդեն ընդգրկվել է ԱԺ արտահերթ նիստերի օրակարգում ու առաջիկա օրերին քվեարկության կդրվի։

XS
SM
MD
LG