Մատչելիության հղումներ

«Ոսկե Ծիրան»-ը այս տարի կանցկացվի հուլիսի 10-17-ը


Ռալֆ Յիրիկյանը («ՎիվաՍել»-ի գլխավոր տնօրեն), Հասմիկ Պողոսյանը (ՀՀ մշակույթի նախարար) և Հարություն Խաչատրյանը («Ոսկե Ծիրան»-ի հիմնադիր նախագահ) մամուլի ասուլիսում: 15-ը հունիսի, 2016 թ․

Ռալֆ Յիրիկյանը («ՎիվաՍել»-ի գլխավոր տնօրեն), Հասմիկ Պողոսյանը (ՀՀ մշակույթի նախարար) և Հարություն Խաչատրյանը («Ոսկե Ծիրան»-ի հիմնադիր նախագահ) մամուլի ասուլիսում: 15-ը հունիսի, 2016 թ․

91 երկրներից ներկայացված 900 ֆիլմերից նախնական ընտրությամբ մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկվել է 135 ֆիլմ:

Արդեն 13-րդ անգամ կայանալիք «Ոսկե Ծիրան»-ի կազմակերպիչները այսօր ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելու փառատոնի ծրագրերն ու դրանցում տեղ գտած նորույթները:

Փառատոնի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը շեշտեց, որ 13-րդ «Ոսկե Ծիրան»-ը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին, ուստի հոբելյանական այս տարում հատուկ ուշադրության է արժանանում «Հայկական կինո․ արդի ժամանակներ» ծրագիրը, որի շրջանակներում կներկայացվեն անկախության տարիներին նկարահանված խաղարկային և վավերագրական 17 ֆիլմեր․ - «Այսօր ուզում եմ սկսել նրանով, որ այն դժվար ժամանակներում, երբ պատերազմը աչքներիս առաջ, հետևանքները տեսանք, անհանգստությունները գիտեինք, ֆինանսական պրոբլեմներ կան ամբողջ աշխարհով մեկ, և հանկարծ «Ոսկե Ծիրան»-ը հայտնվում է և՛ Մշակույթի նախարարության, և՛ «ՎիվաՍել»-ի, պարոն Յիրիկյանի ուշադրության կենտրոնում: Եվ քաղաքապետարանը, ինչ խոսք, նույնպես մասնակցում է որպես պետական կառույց: Ես հուզմունքով պիտի ասեմ, որ շատ շնորհակալ եմ, որովհետև այս տարի կարելի էր մի քիչ չնկատել՝ ասելով, որ ավելի կարևոր հարցեր կան․․․ Բայց, փառք Աստծո, որ և՛ Մշակույթի նախարարությունը, և՛ «ՎիվաՍել»-ը գնահատում են «Ոսկե Ծիրան»-ի կարևորությունը, համաշխարհային կարևորությունը, միջազգային կարևորությունը և կարևորությունը հայկական կինոյի համար»:

«Հայկական կինո․ արդի ժամանակներ» ծրագիրը կմեկնարկի Վարդան Հովհաննիսյանի 2007 թվականին նկարահանած «Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից» խորագրով ֆիլմի ցուցադրությամբ:

Մեկ այլ նորույթ կա․ Բրիտանական խորհրդի հետ համատեղ կիրականացվի Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին նվիրված հատուկ ծրագիր, որի շրջանակներում կցուցադրվեն Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված համաշխարհային կինոարվեստի լավագույն գործերը:

Այս տարի առաջին անգամ կիրականացվի «Բասկական նոր կինո ծրագիրը», որի շնորհիվ հանդիսատեսին կմատուցվեն բասկ կինոռեժիսորների 4 լավագույն ֆիլմեր: Ծրագրի բացումը տեղի կունենա Լառա Իզագիրի «Աշունն առանց Բեռլինի» ֆիլմի ցուցադրությամբ: Այս տարի մեր կինոսերները հնարավորություն կունենան դիտել նաև վերջին 5 տարիներին նկարահանված ֆրանսիական, դանիական և այլ երկրների ֆիլմեր:

Փառատոնը պահպանել է արդեն ավանդական դարձած ծրագրերը, որոնք իրոք արդեն փառատոնի անբաժան մասն են դարձել՝ «Երևանյան պրեմիերաներ»-ը, «Հետահայաց ցուցադրություններ»-ը և «Հարգանքի տուրք»-ը, որով արժանին է մատուցվում հայ և համաշխարհային կինոարվեստի մեծերին՝ կինոսերին հնարավորություն ընձեռելով մեկ անգամ ևս վայելել նրանց ֆիլմերը:

Մի խոսքով, այս տարի ևս «Ոսկե Ծիրան»-ի ողջ ղեկավար կազմը՝ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի և կինոգետներ Միքայել Ստամբոլցյանի և Սուսաննա Հարությունյանի նախաձեռնությամբ, հայ հանդիսատեսի համար նախապատրաստել է ուշագրավ ծրագրեր, որոնց շնորհիվ յուրաքանչյուր ոք կարող է ըստ իր նախասիրության վայելել թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան հին ու նոր ֆիլմեր:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասաց, որ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը անկախ Հայաստանի մեծ ձեռքբերումներից է մշակութային ոլորտում․ - «Մեծապես նաև «Ոսկե Ծիրան» փառատոնի շնորհիվ մենք կարողացանք վերացնել բազմաթիվ սահմաններ, որոնք գոյություն ունեին մեզանում և արտաքին աշխարհում, և «Ոսկե Ծիրան»-ի այդ առաքելությունը այսօր թերագնահատել որևէ ձևով հնարավոր չէ»:

XS
SM
MD
LG