Մատչելիության հղումներ

logo-print

Հայոց ցեղասպանությունը՝ պարտադիր ուսուցման առարկա Միչիգանում


Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում 2015 թվականի ապրիլի 24-ին՝ ցեղասպանության 100-րդ տարելիցին

Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում 2015 թվականի ապրիլի 24-ին՝ ցեղասպանության 100-րդ տարելիցին

Առաջիկա սեպտեմբերից Հայոց ցեղասպանությունը պարտադիր ուսուցման առարկա կդառնա Միչիգանի դպրոցներում: Նահանգապետ Ռիք Սնայդերը երեկ այդ մասին օրենք է ստորագրել՝ ընդգծելով․ - «Ամերիկյան առաջնորդների հաջորդ սերունդը պետք է հնարավորություն ունենա ճանաչել և կանխել մարդկության հանդեպ լայնածավալ ոտնձգությունները։ Մենք պետք է հիշենք և ուսումնասիրենք անցյալի սարսափելի իրադարձությունները՝ առավել հանդուրժող հասարակություն ձևավորելու համար»:

Նոր օրենքով ամերիկյան այդ նահանգի բարձր դասարաններում 6 ժամ կհատկացվի ցեղասպանությունների, այդ թվում՝ 1915 թվականի իրադարձությունների ուսումնասիրությանը:

Ավելի վաղ օրինագիծը ձայների գերակշռող մեծամասնությամբ ընդունվել էր Միչիգանի Ներկայացուցիչների պալատի և հաստատվել Սենատի կողմից:

«Մենք տեսնում ենք, որ պատմությունը հիմա Մերձավոր Արևելքում կրկնվում է, «Իսլամական պետություն»-ը թիրախավորում ու սպանում է քրիստոնյաներին ու կրոնական այլ փոքրամասնությունների ներկայացուցիչների», - հայտարարել էր օրինագծի համահեղինակ, Միչիգանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Քլինթ Քեսթոն՝ հավելելով․ - «Անցյալի սխալները չկրկնելու համար հրամայական է, որ մեր սերունդները իմանան՝ ինչ է տեղի ունեցել հայերի հետ Օսմանյան կայսրությունում, կամ հրեաների հետ՝ նացիստական Գերմանիայում»:

Ստորագրելով օրենքը, Միչիգանի նահանգապետը հատուկ նամակով փաստել է՝ պատմական այդ իրադարձությունները ցեղասպանություն կոչելու շուրջ բանավեճը շարունակվում է, ինչի վերջին ապացույցը ճանաչումն էր Գերմանիայի Բունդեսթագի կողմից:

«Աշխարհի մոտ 20 պետություն ճանաչել է հայերի ցեղասպանությունը, ինչին հետևել են Ամերիկայի մի շարք նահանգներ, կարծում եմ՝ Միչիգանի ուսանողների շահերից է բխում այդ դեպքերի ուսումնասիրությունը՝ անկախ այն բանից, թե դրանք ինչպես կբնորոշվեն», - ասել է նահանգապետ Սնայդերը:

Միչիգանի թուրքական համայնքը ավելի վաղ բողոքի ցույցեր էր կազմակերպել օրինագծի ընդունման դեմ՝ պնդելով, թե այն ատելություն կսերմանի նահանգի դպրոցներում սովորող հազարավոր հայ և թուրք երեխաների մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG