Մատչելիության հղումներ

Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները


Լուսանկարը՝ Հայաստանի ՊՆ-ի

Լուսանկարը՝ Հայաստանի ՊՆ-ի

«Մեր համագործակցության տեմպերը և հագեցածությունը բավարարում են մեզ», - հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք համագործակցում ենք բոլոր ուղղություններով, առանձին կարող եմ նշել կրթության ուղղությունը․ ձեր մեծ թվով սպաներ սովորում են մեր ուսումնական հաստատություններում», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Շոյգուն՝ հավելելով, որ այս տարի 200 սպայի ուսման հայտ կա, որը ռուսական կողմը պատրաստ է պաշտպանել:

Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, որ երկու երկրների ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում գործում է հինգ տասնյակից ավելի պայմանագիր և համաձայնագիր: «Մենք կցանկանայինք հետագայում էլ շարունակել մեր ռազմավարական գործընկերությունը», - ասել է նա:

Շոյգուն նշել է Միջազգային բանակային խաղերում հայկական թիմի ելույթը և Հայաստանի զինծառայողներին հրավիրել է մասնակցելու այս տարվա խաղերին:

Օհանյանը, իր հերթին, ասել է, որ ուրախ է հանդիպելու և պաշտպանական համագործակցության որոշ հարցերի շուրջ «ժամացույցները ճշտելու» հնարավորության համար:

«Կարծում եմ, մեր կանոնավոր երկկողմ հանդիպումները և համատեղ միջոցառումները բարի ավանդույթ են դարձել և ևս մեկ վկայություն են այն բանի, որ մեր հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, ու մեր համագործակցությունը պաշտպանական ոլորտում դինամիկ զարգանում է», - հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը՝ նման համագործակցության վկայություններից մեկը համարելով Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող օգնությունը:

Հանդիպման մասին Հայաստանի ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունում ասված է․ - «ԱՊՀ ՊՆԽ նիստի շրջանակներում նույն օրը կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առանձնազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդման, ռազմատեխնիկական գործակցության ընդլայնման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ միտված ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետագա խորացմանը»:

XS
SM
MD
LG