Մատչելիության հղումներ

Նախագահը ՄԹ ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել, այցելել դեսպանի կեցավայր


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ երկրորդ թագուհու ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ երկրորդին և վարչապետ Դեյվիդ Քեմերոնին:

Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել թագուհուն, արքայական ընտանիքին և բրիտանացի բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ:

«Հայաստանը մեծապես կարևորում է հարաբերությունները Միացյալ Թագավորության հետ: Ձևավորվել է շարունակական քաղաքական երկխոսություն, համատեղ աշխատանքներ են իրականացվել առևտրի և ներդրումների խրախուսման ուղղությամբ, զարգացել են մշակույթի և կրթության ոլորտներում մեր շփումները, արդյունավետ համագործակցություն ենք ծավալել Հայաստանում բարեփոխումներին միտված տարբեր ծրագրերի շրջանակներում: Լիահույս եմ, որ այս ամենին կարող ենք ավելացնել նոր ձեռքբերումներ», - ասված է, մասնավորապես, Եղիսաբեթ երկրորդին ուղղված ուղերձում: - «Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության զարգացման գործում Ձեր և արքայական ընտանիքի ներդրած ավանդի համար: Վստահ եմ, որ Ձերդ Մեծությունը նույն հետևողականությամբ կշարունակի ուշադրության ներքո պահել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը»:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետ Դեյվիդ Քեմերոնին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ փոխադարձ շահերի և բարեկամական կապերի վրա հիմնված հայ - բրիտանական հարաբերությունները համատեղ ջանքերով կխորանան՝ ի շահ երկու ժողովուրդների:

Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի ազգային տոնի կապակցությամբ այսօր այցելել է նաև Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր` շնորհավորել դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին և դեսպանատան ամբողջ անձնակազմին, մաղթել Մեծ Բրիտանիայի բարեկամ ժողովրդին բարօրություն և հետագա բարգավաճում:

Նախագահը համոզվածություն է հայտնել, որ Միացյալ Թագավորության բնակչության համար այս տոնը յուրահատուկ խորհուրդ ունի՝ բրիտանացիները ի դեմս թագուհու տեսնում են ոչ միայն պետության ամենաերկար գահակալած միապետի, այլև խոհեմ և հոգատար առաջնորդի, ում գործունեությունը տասնամյակներ շարունակ նպաստել է Մեծ Բրիտանիայի հեղինակության բարձրացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG