Մատչելիության հղումներ

Հայաստանն ակնկալում է վիզայի ազատականացման շուրջ ԵՄ-ի հետ երկխոսության մեկնարկ


Կարեն Նազարյան, արխիվ

Կարեն Նազարյան, արխիվ

Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել թե' Վիզաների դյուրացման և թե' Հետընդունման ՀՀ-ԵՄ համաձայնագրերի իրականացմանը, հայտարարել է արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։

Այսօր Երևանում կայացած՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի երրորդ նիստի մասնակիցներին ուղղած ողջույնի խոսքում Նազարյանը նաև հույս է հայտնել, որ այդ համաձայնագրերի հաջող իրականացումը կհանգեցնի Հայաստանի հետ Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին, ինչն ամրագրված է Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի համատեղ հռչակագրում: Նա շեշտել է, որ ներկայումս միգրացիոն հոսքերի կառավարման և անվտանգության ոլորտում Եվրամիության առաջ կանգնած մարտահրավերների հետ մեկտեղ պետք է ճանապարհներ գտնել շարժունակության և մարդկանց միջև շփումների համատեղ հանձնառությունը պահպանելու համար:

Նիստի մասնակիցներին ողջույնի խոսք է ուղղել նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համաձայնագրի իրականացման հետ կապված մի շարք գործնական հարցերի: ԵՄ կողմն արձանագրել է վերջին տարիներին ՀՀ քաղաքացիների կողմից Եվրամիության անդամ պետությունների մուտքի արտոնագրերի դիմումների աճը:

Վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի նիստին զուգահեռ կայացել է նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի նիստը:

Հայկական կողմից նիստերը նախագահել են ԱԳՆ-ի հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը և Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, իսկ Եվրամիության կողմից` Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրինության Վիզաների քաղաքականության բաժանմունքի պետի տեղակալ Դիդրիկ Պալմանը և նույն տնօրինության Անկանոն միգրացիայի և վերադարձի բաժնի «Վերադարձի և հետընդունման» ոլորտի ղեկավար Դան Ռոտենբերգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG