Մատչելիության հղումներ

Թուրքիայում Եվրամիության դիվանագիտական առաքելության ղեկավար Հանցյորգ Հաբերն այսօր անակնկալ հրաժարական է ներկայացրել՝ մեկ տարի էլ չաշխատելով այդ պաշտոնում:

Թե որն է եղել որոշման պատճառը՝ Բրյուսելը չի հաղորդում, լրատվամիջոցները մինչդեռ փաստում են, որ ազգությամբ գերմանացի բարձրաստիճան դիվանագետը վերջին շրջանում ճնշումների էր ենթարկվում Թուրքիայի իշխանությունների կողմից՝ Անկարայի հասցեին իր քննադատական ելույթների պատճառով:

Մոտ մեկ ամիս առաջ նա լրագրողներին ասել էր, թե Թուրքիան բավարար քայլեր չի ձեռնարկել ապօրինի փախստականների հոսքը կրճատելու համար: - «Մենք ասում ենք՝ պետք է գործընթացը սկսել թուրքի, ավարտել՝ գերմանացու նման», - ասել էր Հաբերը:

Գերմանացի դիվանագետի այս հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել, նա անմիջապես հրավիրվել էր Թուրքիայի արտգործնախարարություն՝ խոսքերի իմաստը պարզաբանելու: Ժամեր առաջ էլ երկրի Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիկը հաստատեց՝ կողմերը լուրջ տարաձայնություններ են ունեցել․ - «Եվրամիության դեսպանը ոտնահարել էր դիվանագիտության հիմնարար օրենքները՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Թուրքիայի արժեքների և այդ երկրի նախագահի նկատմամբ»:

Պաշտոնական Բրյուսելը առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել դիվանագիտական այս սկանդալը, Եվրահանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչը ընդամենը ասել է․ - «Եվրոպական ընտանիքը կշարունակի աշխատել Թուրքիայի հետ որպես գործընկեր ու անդամակցության հավակնորդ երկիր»:

Կողմերին կապող հիմնական հարցը հիմա ապօրինի փախստականների դեմ պայքարն է, ամիսներ տևած բանակցություններից հետո Անկարան տարեսկզբին համաձայնեց սահմանափակել սիրիացի միգրանտների հոսքը Եվրամիություն, ինչի դիմաց Բրյուսելը խոստացավ ոչ միայն 6 միլիարդ եվրոյի աջակցություն տրամադրել, այլև առանց վիզաների ռեժիմ սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար:

Խոստացված ժամկետը մոտենում է, սակայն Բրյուսելը դեռ չի շտապում վերացնել անցագրերը՝ պատճառաբանելով, թե Էրդողանի վարչակազմը չի իրականացրել անհրաժեշտ բարեփոխումները, մասնավորապես, չի վերանայել օրենքը ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ:

«Չենք փոխել, և մտադիր էլ չենք», - այսօր Թուրքիայի խորհրդարանում հայտարարեց վարչապետ Բինալի Յըլդրըմը՝ ընդգծելով՝ իրենց համար առաջնայինը պայքարն է քուրդ անջատողականների դեմ․ - «Մենք այժմ լուրջ պայքար ենք մղում մեր երկրի միասնության և ապագայի համար, և այս պայմաններում խոսք անգամ չի կարող լինել ահաբեկչության մասին օրենքը փոխելու մասին, անգամ եթե դրա դիմաց մենք զրկվենք վիզաների ազատականացումից: Թող այդ վիզաներն իրենց պահեն»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ է՛լ ավելի էր խստացրել Անկարայի դիրքորոշումը՝ կոչ անելով Եվրամիությանը անտեղի չձգձգել անդամակցության գործընթացը. որևէ մեկը չպետք է մեր համբերությունը փորձի՝ սպառնացել էր Թուրքիայի նախագահը՝ առանց մանրամասնելու, թե հակառակ դեպքում ինչ քայլեր են հետևելու:

Փորձագետները, սակայն, փաստում են, որ եվրոպացի դեսպանի հրաժարականով է՛լ ավելի է խորանում լարվածությունը Բրյուսելի ու Անկարայի միջև, որն, ըստ էության, սկսվեց Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG