Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը վստահեցնում է՝ Ռուսաստանի հետ համատեղ ՀՕՊ համաձայնագրում անհանգստացնող որևէ դրույթ չկա: Սա նոր բան չէ, Հակաօդային պաշտպանական համակարգը գործում է 1995 թվականից, ուղղակի ԱՊՀ երկրների համակարգից այն տեղափոխվում է ՀԱՊԿ երկրների համակարգ:

«Այս պայմանագիրը գործում է ագրեսիայի դեպքում՝ Հայաստանի հանդեպ կամ Ռուսաստանի: Եվ երբ մենք միջոցներ ենք տրամադրում այդ հակաօդային պաշտպանության համակարգին, ապա մենք համատեղ որոշում ենք՝ ինչ միջոցներ ենք տրամադրում այդ համակարգին: Եվ հայկական կողմը, նշված է այս պայմանագրում, որ իրավունք ունի այդ միջոցները, որ ինքը տրամադրել է ընդհանուր, օգտագործել երբ իրեն պետք է և ինչ խնդիրներով որ նա ուզում է: Այնպես որ, սա չի սահմանափակում այդ միջոցների օգտագործումը: Երկրորդը՝ եթե նա օգտագործում է ռուսական զորքը, ասենք թե՝ ինքնաթիռները, որ կանգնած «Էրեբունի»-ում ապահովում են մեր օդային տարածքների անվտանգությունը, կամ ռազմաբազայի С-300-ը, եթե մենք դա ենք ուզում օգտագործենք, ապա մենք ոչ թե թույլատվություն ենք հարցնում, այլ կան արձանագրություններ, թե ինչպես պետք է գործեն այդ ուժերը, արդեն համաձայնեցված: Իսկ դուք մտավախություն ունեք, որ Ռուսաստանը չգիտեմ ինչ կանի: Շնորհակալություն պետք է հայտնեք իրենց», - ասաց Հարությունյանը:

«Ազատության» հարցին՝ ինչո՞ւ են ռուսներն այդքան մեծահոգի, պաշտպանության նախկին նախարարը պատասխանեց․ - «Որովհետև մեր շահերը համընկնում են և այստեղ սպառնալիքները նույնն են»:

Անդրադառնալով հնչող մտահոգություններին, թե քանի որ Ղարաբաղը դուրս է մնում համաձայնագրից, ապա ինչպե՞ս է Ղարաբաղի հակաօդային պաշտպանությունը իրականացվելու, Վաղարշակ Հարությունյանը սա նույնպես արհեստական հարց համարեց:

«Ո՞ւմ հասկանալի չի, որ այս համակարգը չի կարող Ղարաբաղում գործել։ Բայց երբ մենք 20 հատ ինքնաթիռ ունենք այստեղ և ռուսական բազան С-300-ը օգտագործում է, մեզ մոտ ավելանում են հակաօդային միջոցները, չէ՞: Մենք կարող ենք դա Ղարաբաղ տանել: Հիմա Ղարաբաղում որ այդպիսի հակաօդային պաշտպանություն կա, կարո՞ղ է իրենք ստացել են Ամերիկայից կամ չգիտեմ որտեղից: Սրանք մեր հակաօդային պաշտպանության միջոցներն են, որոնք մենք այնտեղ օգտագործում ենք», - նշեց նա:

Դիտարկմանը, թե փաստորեն այս համատեղ հակաօդային պաշտպանության համակարգը չենք կարող օգտագործել Լեռնային Ղարաբաղում, Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց․ - «Սխալ եք ասում, կարող ենք: Պայմանագրի 8-րդ կետը ասում է, որ կողմերը ունեն հնարավորություն օգտագործել այն միջոցները, որ տրամադրել են այդ համատեղ պաշտպանության համակարգին, իրենց հայեցողությամբ: Մենք կարող ենք, ինչ որ այդտեղ տրամադրել ենք, ուղարկել Ղարաբաղ»:

Պատասխանելով այն հարցադրումներին, թե ինչու քառօրյա պատերազմի ժամանակ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը տեղեկատվություն չտրամադրեց Ադրբեջանի կողմից սպասվող լայնածավալ հարձակման մասին՝ պաշտպանության նախկին նախարարը հակադարձեց․ - «Ռուսաստանը իր վրա չի վերցրել որևէ մի պարտավորություն Ղարաբաղի մասով ինֆորմացիա տալ: Մյուս կողմից՝ երբ մարդիկ խոսում են և լավ չեն պատկերացնում, որ Ռուսաստանը ունի տիեզերական հետախուզություն և պիտի տեսներ ամեն ինչ՝ դա ասում են մարդիկ, որոնք չեն հասկանում դրանից»:

«Ազատության» հարցին՝ այսինքն Ռուսաստանը չունե՞ր այդ տեղեկատվությունը, Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց․ - «Ո՛չ, չուներ: Ինչո՞ւ մեր հետախուզության պետին հանեցին՝ մենք չունեինք, որովհետև չի եղել: Չի եղել լայնածավալ պատերազմ, որ նույնիսկ մեր հետախուզությունը դա բացահայտի: Այնպես որ Ռուսաստանը այդպիսի ինֆորմացիա չուներ և չէր կարող ունենալ, և ըստ պայմանագրի՝ ինքը այդպիսի պայմանավորվածություն չունի»:

XS
SM
MD
LG