Մատչելիության հղումներ

Խնամատար ընտանիքների թիվը Հայաստանում չի ավելանում


Չնայած կառավարության գործադրած ջանքերին՝ այս պահի դրությամբ Հայաստանում կա ընդամենը 17 խնամատար ընտանիք:

«Այս պահի դրությամբ մենք արդեն ստացել ենք դրական եզրակացությունները առնվազն հինգ քաղաքացի, որ ցանկանում է երեխա տանել խնամատարության, սակայն նրանք միայն առողջ երեխաներ են ուզում: Եվ չկան առողջ երեխաներ, որոնք կարող են խնամատարության հանձնվել», - այսօր փոխանցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին:

Մոտ երկու շաբաթ առաջ գործադիրը որոշում ընդունեց, որով սահմանափակվում է դժվար իրավիճակներում հայտնված երեխաների մուտքը հատուկ և գիշերօթիկ դպրոցներ, փոխարենը ընդլայնվում է խնամատար ընտանիքների թիվը։

Խնամատար համարվում է երեխայի հետ ազգակցական կապ չունեցող անձը, որին պետությունը գումար է տալիս մանկատան երեխային տանը մեծացնելու համար:

Հայրապետյանի հրապարակած տվյալներով, հայաստանյան մանկատներում այժմ ավելի քան 600 երեխա կա, որոնց 90 տոկոսը առողջական կամ մտավոր զարգացման հետ կապված խնդիրներ ունի։ Ըստ պաշտոնյայի, սա է պատճառը, որ խնամատար ընտանիքները հրաժարվում են հաշմանդամություն ունեցող երեխա վերցնել։

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանն ընդգծում է, որ կառավարությունը միջոցներ պետք է ձեռնարկի հատուկ հաստատություններից երեխաներին ընտանիքներ տեղափոխելու համար՝ շարունակական աջակցություն ցուցաբերելով նրանց․ - «Իհարկե, այն, որ խնամատար ընտանիքների թիվը չի ավելացել, եթե ձախողում չանվանենք, համենայն դեպս շատ հաջողված դեպք էլ դժվար է անվանել: Կառավարությունը ստանձնել է պարտավորություն, որ երեխայի խնամքի հաստատությունների բարեփոխման կամ վերակազմակերպման արդյունքում ազատված ֆինանսական միջոցները պետք է ուղղվեն նման խնդիրներ ունեցող երեխաների համար ցերեկային խնամքի համայնքային ծառայություններ ձևավորելուն: Եթե այս հարցում կառավարությունը հաջողություն ունենա, արդյունքում նրանց մեծ մասը կամ մի մասը չի հայտնվի հաստատությունում, կխնամվի ընտանիքում, բայց ցերեկվա ընթացքում կստանա համապատասխան խնամք, աջակցություն»:

58-ամյա Քնարիկ Գարանֆիլյանը զավակներ չի ունեցել, բայց անցած տասը տարիներին սեփական հարկի տակ հասցրել է 5 երեխա մեծացնել։ Կինը հպարտությամբ է պատմում, թե ինչպես է ամիսներ առաջ ամուսնացրել որդուն, իսկ առաջիկա հանգստյան օրերին էլ պատրաստվում է ամուսնացնել դստերը:

Նա նշում է, որ պետությունը բավարար միջոցներ ու ուշադրություն չի դարձնում խնամատար ընտանիքներին, այս է պատճառը, որ նրանց թիվը տարիներ շարունակ չի ավելանում․ - «Ընդ որում, ընտանիքում երեխային պահելը նույնիսկ ֆինանսապես ավելի էժան է նստում, քան մի երեխա պահելը հաստատությունում․ սա էլ է հաշվարկված: Էլ չեմ ասում այն առավելությունը, որ երեխան մեծանում է ոչ թե հաստատությունում, այլ ընտանիքում, դուք տեսեք, թե սրա կարևորությունը որքան ավելի է: Հասարակությունը նույնիսկ տեղյակ չէ, թե ինչ է խնամատարությունը: Տեղյակ չէ, որ, օրինակ, կարող է երեխա վերցնել իր ընտանիք»:

Գարանֆիլյանն, ով Մեծամորում մանկական կենտրոն է ղեկավարում, ասում է, որ 18 տարին լրանալուց հետո պետությունը դադարում է վճարել խնամատար ընտանիքներին՝ անորոշության մեջ թողնելով նոր կյանք մտնող երիտասարդներին․ - «Մի տեսակ պետությունը քաշվում է կողք»:

Կառավարությունն այս տարվա բյուջեով 40 մլն դրամ է հատկացրել խնամատար ընտանիքների համար։ Յուրաքանչյուր ամիս այս ընտանիքները 130-140 հազար դրամ են ստանում։

Քնարիկ Գարանֆիլյանը կարծում է, որ ընտանիքի ոլորտում պետությունը պետք է փոխի իր քաղաքականությունը՝ նպաստ տալուց զատ, նաև այլ հարցերում աջակցելով դժվար իրավիճակներում հայտնված ընտանիքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG