Մատչելիության հղումներ

Առողջապահության փոխնախարարը «հմուտ, պրոֆեսիոնալ պաշտոնյաներ» է համարում ձերբակալվածներին


Առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, արխիվ:

Առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, արխիվ:

Առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու կասկածանքով ձերբակալված Առողջապահության նախարարության երեք պաշտոնյաներին փոխնախարար Վահան Պողոսյանն այսօր բնութագրեց որպես «հմուտ ու պրոֆեսիոնալ մասնագետներ»:

Հարուցված քրեական գործում նշվում է, որ ենթադրյալ հանցանքը տեղի է ունեցել 2012-2014 թվականներին:

Ձերբակալվածների շարքում է Պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը: Այդ տարիներից ի վեր բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գծով փոխնախարարը Վահան Պողոսյանն է:

«Ազատության» հետ զրույցում հարցին, թե ձերբակալված Ծատուրյանի ղեկավարած գործակալության կողմից հիվանդանոցներին տրամադրվող ուղեգրերի համար նախատեսված բյուջետային հատկացումների ցանկն արդյոք իր իմացությամբ չէ կազմվում, Պողոսյանը պատասխանեց, որ ինքը չի կառավարում նախարարության ֆինանսական հոսքերը՝ հավելելով, որ ինքը միակ փոխնախարարը չէ:

Հաջորդ հարցին՝ գուցե նախկին նախարար Դերենիկ Դումանյանի ու իր՝ որպես փոխնախարարի վերահսկողությո՞ւնն է թույլ եղել, պատասխանեց, որ իրենք աշխատում են բաց ու թափանցիկ՝ հավելելով․ - «Ում վրա որ պարտականություն է դրված եղել, ոչ թե փոխնախարարի, այլ ում վրա որ դրված է եղել, նրանք էլ պատասխանատու են այդ հարցում»:

Նա նաև չբացառեց, որ Դումանյանին և իրեն հրավիրեն հարցաքննության․ - «Իրավապահ մարմիններ են: Եթե հարկ գտնեն, որ պետք է հարցաքննություն իրականացնեն, բնականաբար, պետք է մենք օրենքին ենթարկվենք և կարգին»:

Բնութագրելով ձերբակալված պաշտոնյաներին՝ փոխնախարարն ասաց․ - «Բավականաչափ հմուտ, պրոֆեսիոնալ պաշտոնյաներ են»:

Նախկին նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Երեկ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պնդել էր, թե ինքը տեղյակ չէ ոչ մի բանից, նաև բացառել էր իրեն հարցաքննության կանչելու հնարավորությունը:

Ձերբակալությունից օրեր առաջ Առողջապահության գործակալության պետն իր հարցազրույցներից մեկում ոլորտում կոռուպցիոն ռիսկեր պարունակող ամենամեծ խնդիրը պետության ստանձնած պարտավորությունների և ունեցած հնարավորությունների անհամապատասխանությունն էր համարել՝ ընդգծելով․ - «Մենք դա լավ հասկանում ենք. եթե բուժհաստատությանը ծառայության համար ավելի քիչ ես վճարում, քան այն արժե, բուժհաստատությունը փորձում է պակասը լրացնել հիվանդի հաշվին»:

Առողջապահական համակարգում կոռուպցիոն ռիսկերի մասին զեկույց հրապարակած «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուցիոն կենտրոնի ներկայացուցիչ Դիանա Տեր-Ստեփանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե այսօրինակ ձերբակալությունները վստահություն կներշնչեն, եթե միջին օղակներից բացի, չանտեսվեն նաև բարձրաստիճան պաշտոնյաները․ - «Անգամ եթե որոշ միջին օղակի պաշտոնյաներ ինչ-ինչ գործարքներ իրականացրած լինեն, դա արվում է միշտ բարձր պաշտոնատար անձանց հովանու ներքո կամ առնվազն իմացությամբ: Մինչև չլինեն բարձրաստիճան պաշտոնյաներին իրական պատասխանատվության ենթարկելու քայլեր, այս ձերբակալությունները դեռևս որևէ վստահություն չեն ներշնչում կոռուպցիայի դեմ իրական պայքարի մասին»:

Առողջապահության համակարգում կոռուպցիոն ռիսկերի մասին զեկույցում հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետները արձանագրել են, որ պետպատվերով բուժման համար հիվանդները երբեմն ստիպված են լինում վճարել, կամ ուղեգրով բուժում ստանալու ինստիտուտը հիմնականում չի գործում, կամ հիվանդները հաճախ լսում են պատասխան, որ պետպատվերը սպառվել է․ - «Քանի որ պացիենտը ինքը չգիտի ֆինանսավորման սկզբունքը, իրեն մատուցում են, որ պետպատվերը սպառված է, և ինքը բնականաբար բուժվում է վճարովի սկզբունքով: Մինչդեռ ոչ թե պետպատվերն է սպառվել, այլ հերթագրումը տվյալ տարվա համար․․․ Որևէ բուժհաստատություն չի ուզում իր միջոցներից փոխանցում անի մեկ այլ բուժհաստատության, որպեսզի այն հիվանդը, որ իր մոտ է հաշվառված և իր մոտ է բուժում անցնում, պետպատվերի շրջանակում ստանա այդ հետազոտությունը»:

Հիշեցնենք, պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով երեկ Սարո Ծատուրյանից բացի ձերբակալվել են նաև Առողջապահության գործակալության Երևանի կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը և գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։

XS
SM
MD
LG