Մատչելիության հղումներ

logo-print

Օլանդը ոստիկանի սպանությունը «ահաբեկչություն» է անվանել


Լարոսսի Աբբալան երեկ Փարիզի արվարձանում սպանել է ֆրանսիացի ոստիկանին և նրա քաղաքացիական կնոջը, Մանյանվիլ, ֆրանսիական ոստիկանության արխիվ:

Լարոսսի Աբբալան երեկ Փարիզի արվարձանում սպանել է ֆրանսիացի ոստիկանին և նրա քաղաքացիական կնոջը, Մանյանվիլ, ֆրանսիական ոստիկանության արխիվ:

Ոչնչացված ահաբեկիչն ասել էր, որ «Իսլամական պետության» հետևորդ է:

Ֆրանսիայում Եվրոպայի ֆուտբոլի առաջնության օրերին իշխանության առաջնահերթ խնդիրը կարգուկանոն ապահովելն ու ահաբեկչական հնարավոր գրոհները կասեցնելն է: Դա փորձում են լուծել ոստիկանության և հատուկ ծառայությունների ավելի քան 90 հազար աշխատակիցներ: Այնուամենայնիվ երեկ տեղի է ունեցել սպանություն, որն իշխանությունը «ահաբեկչություն» է որակում:

Մայրաքաղաք Փարիզի հեռավոր արվարձանում՝ Մանյանվիլում, երեկվա հարձակման զոհ են դարձել Լե Մուրո բաժանմունքի 42-ամյա ոստիկան Ժան-Բատիստ Սալվենը և նրա քաղաքացիական կինը, որի անունը դեռ չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ կինն աշխատել է Ներքին գործերի նախարարությունում:

Երեկ երեկոյան, մոտավորապես ժամը 8-ին Սալվենը, ով քաղաքացիական հագուստով էր, տուն էր վերադառնում, արդեն հասել էր մուտքին և բացում էր դուռը, երբ նրան է մոտեցել հարձակվողը և դանակով մի քանի հուժկու հարված է հասցրել որովայնին:

Ապա հարձակվողը տուն է մտել, կողպել դուռը և պատանդառել է ոստիկանի կնոջն ու նրանց մանկահասակ երեխային:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը նախ փորձել է բանակցել հարձակվողի հետ: Բանակցության ընթացքում հարձակվողը ներկայացել է որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժման հետևորդ: Նա ասել է, թե գրոհն իրականացրել է՝ անսալով «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի կոչին:

Համոզվելով, որ բանակցությունն ապարդյուն է՝ հատուկ ջոկատը գրոհով ներխուժել է տուն և ոչնչացրել է հարձակվողին: Տանը հայտնաբերվել է Ժան-Բատիստ Սալվենի քաղաքացիական կնոջ դին:

Միակ բարի լուրն այն է, որ երեքամյա տղան բոլորովին չի տուժել: Ներքին գործերի նախարարության խոսնակ Պիեռ-Անրի Բրանդեն, հազիվ զսպելով հուզմունքը, լրագրողներին հայտնել է, որ երեխային փրկել է ոստիկաններից մեկը: Երեխան հիմա բժիշկների հսկողության ներքո է:

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ, հարձակումը կատարել է 25-ամյա Լարոսսի Աբբալան: Պարզվում է, որ նա հայտնի էր իրավապահներին, քանի որ ժամանակին մասնակցել էր ավազակային հարձակումների և առնչություն է ունեցել ջիհադիստների ընդհատակյա խմբերի հետ:

2013 թվականին նրան և ևս 7 հանցակիցների երեք տարվա ազատազրկման են դատապարտել, սակայն կես տարի անց ազատ են արձակել:

Նախագահ Ֆրանսուա Օլանդը ելույթ է ունեցել Փարիզում այսօր գումարված Տնտեսական համագործակցության և զարգացման հակակոռուպցիոն խորհրդաժողովում և անդրադարձել է երեկվա գրոհին․ - «Զոհը ոստիկանության հրամանատար էր, նրա կինը՝ Ներքին գործերի նախարարության քաղաքացիական աշխատակից: Նրանց ահաբեկիչ է սպանել, դա անկասկած ահաբեկչություն էր»:

Ֆրանսուա Օլանդը նշել է, որ ահաբեկչությունն այս օրերին ամբողջ աշխարհում է հրատապ խնդիր․ - «Ֆրանսիան միակը չէ: Դա է վկայում նաև անցած օրերին Միացյալ Նահանգներում, Օռլանդոյում տեղի ունեցածը: Մենք դա տեսանք Եվրոպայում և այլ երկրներում: Ֆրանսիան բախվել է ահաբեկչական մեծ վտանգի»:

Մանյանվիլում տեղի ունեցած գրոհի մասին է խոսել նաև Ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը՝ ասելով․ - «Կառավարությունն ամիսներ շարունակ աշխատել է, ամբողջությամբ մոբիլիզացվել է այս վտանգները դիմագրավելու համար: Ֆրանսիայում,. ամբողջ Եվրոպայում, Արևմուտքում պատրաստության գերագույն աստիճան է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG