Մատչելիության հղումներ

Դատավորը մերժեց Սաֆարյանի՝ տուժողի նախաքննական ցուցմունքը հրապարակելու միջնորդությունը


Գևորգ Սաֆարյանը դատարանում, մայիս, 2016թ.

Գևորգ Սաֆարյանը դատարանում, մայիս, 2016թ.

Գևորգ Սաֆարյանի դատը այսօր ևս մեկնարկեց լարված մթնոլորտում։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր մերժեց Գևորգ Սաֆարյանի միջնորդությունը՝ հրապարակել տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանի նախաքննական ցուցմունքները։

Սաֆարյանի պնդմամբ, բազմաթիվ հակասություններ կան դատարանում Խաչատրյանի արած հայտարարությունների և նախաքննական ցուցմունքների միջև, մինչդեռ դատավորը հայտարարեց, որ այդ հակասությունները պետք է լինեն էական, և միայն այդ դեպքում դատարանը կարող է բավարարել միջնորդությունը։

Գևորգ Սաֆարյանը, հիշեցնենք, մեղադրվում է Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

Սաֆարյանի դատն այսօր ևս մեկնարկեց լարված մթնոլորտում. դատավորը երկու հոգու դահլիճից հեռացրեց, մեկին` ոտքի չկանգնելու, մյուսին՝ կարգը խախտելու համար։

Ոստիկանի նկատմամբ բռնության մեղադրանքով բազմիցս դատարանի առջև կանգնած ակտիվիստ Վարդգես Գասպարիին առհասարակ թույլ չտվեցին մուտք գործել դատարանի շենք, որի դիմաց նա երկու ժամից ավելի արևի տակ պառկած բողոքի ակցիա իրականացրեց:

Դատական կարգադրիչները որևէ բացատրություն չտվեցին, թե ինչու թույլ չեն տալիս Գասպարիին մուտք գործել նիստերի դահլիճ կամ առհասարակ դատարանի շենք, փոխարենը կարգադրիչներն ասացին, որ անհանգստացած են Գասպարիի առողջությամբ և շտապօգնություն հրավիրեցին։ Ակտիվիստը, սակայն, հրաժարվեց բժշկական զննությունից։

Օրվա երկրորդ կեսին դատարանում նորից միջադեպեր արձանագրվեցին. հարցաքննության ընթացքում գործով տուժող ոստիկանի մի քանի պնդումները, թե չի հիշում, իսկ որոշ դեպքում էլ դատավորի կողմից Գևորգ Սաֆարյանի փաստաբանի հարցերը հանելը առաջացրեցին դահլիճում ներկաների զայրույթը։

Նիստին ներկա ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը տեղից բղավեց, ամոթանք տվեց Մնացական Մարտիրոսյանին։ Դատավորը տասը րոպե ընդմիջում հայտարարեց՝ դահլիճում ներկա մի քանի քաղաքացիների դուրս հրավիրելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG