Մատչելիության հղումներ

Փորձագետի կարծիքով, հայ-ռուսական հարաբերությունները բարդանում են


Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը, արխիվ:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը, արխիվ:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի համոզմամբ, պատահական չէ, որ իշխող Հանրապետականը Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում չընդգրկեց Ռուսաստանի հետ միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագիրը:

Փորձագետի համոզմամբ, սա խոսում է Ռուսաստան - Հայաստան բարդացող հարաբերությունների մասին:

Մանվել Սարգսյանը նաև այս համատեքստում է դիտում Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցչի կոշտ հայտարարությունը Գարեգին Նժդեհի արձանի հետ կապված․ - «Դրանք պատահական բաներ չեն: Դա բավականին լուրջ քաղաքականություն էր, և դրա պատասխանները նույնպես չկան, թե ինչու են հարաբերություններն այդպես անընդհատ բարդանում Ռուսաստանի հետ», - ասաց Սարգսյանը։

Հաշվի առնելով այս բարդացող հարաբերությունները՝ Մանվել Սարգսյանը հետևյալ հարցադրումն է անում՝ ինչպե՞ս կարելի է Ռուսաստանի հետ գնալ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի մասին համաձայնագրի վավերացմանը, այն դեպքում, երբ լրջագույն հարցեր անպատասխան են մնում: Մասնավորապես, այդ համաձայնագիրը Ղարաբաղին չի վերաբերում, և պարզ չէ, թե դա ինչ է նշանակում:

Հակադարձելով պաշտոնական մեկնաբանությանը, թե Հայաստանը իր օդային պաշտպանությունը իրականացնելիս կօգտագործի ռուսական սարքավորումները, փորձագետը հետևյալ հարցն է տալիս՝ ո՞ւմ են պետք այդ սարքերը, եթե անհրաժեշտության դեպքում որոշում կայացնելու հնարավորություն հայկական կողմը չի ունենալու․ - «Երբ որ գործ ունեք ուրիշի հետ, և այդ պարտնյորը հուսալի չէ, երբեք չեք կարող իմանալ, թե ոնց կարող է դա գործել։ Կարող է ձևականորեն լրիվ այդ բոլոր իրավունքները ձերն է, բայց իրականության մեջ լրիվ ուրիշ մեխանիզմներ աշխատեն: Սա է վտանգավորը»։

Մանվել Սարգսյանը հիշեցնում է ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի պնդումները, թե Հայաստանը տվյալներ չուներ Ադրբեջանի կողմից նախապատրաստվող հարձակման ուղղության վերաբերյալ: Նրա խոսքով, 21-րդ դարում նման բան ասելը ծիծաղելի է: Ռուսաստանը, որը հետևում էր այդ ամենին, որևէ կերպ չաջակցեց Հայաստանին:

Փորձագետը մեկ այլ շեշտադրում էլ է անում․ ինչպե՞ս է Հայաստանը իր օդային պաշտպանությունը հանձնում Ռուսաստանին, որը կասկածելի հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ և տարիներ շարունակ զինում է Բաքվին․ - «Ես օրինակ, երբևէ նման վիճակում նման երկրից հետախուզական տվյալ չեմ վերցնի: Ես չեմ կարող դա ստուգեմ, դա կարող է բացահայտ ապատեղեկատվություն լինի: Էլ չեմ ասում մնացածը, երբ որ կոնկրետ հարցերի հետ է կապված, սահմանների հետ է կապված»:

Մինչդեռ Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է, թե պատերազմի դեպքում հայկական կողմի հրամանատարությունն է ընդունելու միավորված հակաօդային պաշտպանության համակարգը կիրառելու մասին որոշումը:

«Ազատության» հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ հայկական կողմը հրամաններ տա ռուսական կողմին, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց. - «Պայմանագիրը կնքվել է դրա համար: Նախկինում նման բան չի եղել, հիմա դրա համար կնքվում է պայմանագիր»։

XS
SM
MD
LG