Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ոստիկանությունը մտադիր է արտաքսել ռուսաստանցի երկրպագուների խմբին


Ֆրանսիա - Ռուսաստանցի երկրպագուները Մարսելի մարզադաշտում՝ Եվրո-2016-ի Ռուսաստան-Անգլիա խաղի ժամանակ, 11-ը հունիսի, 2016թ.
Ֆրանսիա - Ռուսաստանցի երկրպագուները Մարսելի մարզադաշտում՝ Եվրո-2016-ի Ռուսաստան-Անգլիա խաղի ժամանակ, 11-ը հունիսի, 2016թ.

Ֆրանսիայի ոստիկանությունը մտադիր է երկրից արտաքսել «Համառուսաստանյան երկրպագուների միության» պատվիրակությանը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` հայտարարել է միության ղեկավար Ալեքսանդր Շպրիգինը։

Նա ասել է, որ երկրպագուների խմբին տեղի ոստիկանները Կաննում արգելում են դուրս գալ ավտոբուսից։ «Մեզ հայտնել են, որ բոլոր ավտոբուսում գտնվողներին արտաքսելու են, բայց մենք հիմա սպասում ենք հյուպատոսին, չենք ենթարկվում ոստիկանների հրամաններին։ Մեզ ուժով սպառնում են։ Անհասկանալի է, թե ինչո՞ւ են արտաքսում երկրպագուների պաշտոնական խմբին, որը ոչ մի մասնակցություն չի ունեցել Մարսելում տեղի ունեցած անկարգություններին», - ասել է երկրպագուների խմբի ղեկավարը։

Շպրիգինը նաև հայտնել է, որ ֆրանսիական ոստիկանությունը, Մարսելի անկարգությունների հետ կապված, հունիսի 13-ին խուզարկել է միության անդամների հյուրանոցային համարները։

Եվրո 2016-ի մեկնարկին, հիշեցնենք, մի շարք բախումներ են տեղի ունեցել թիմերի երկրպագուների, ինչպես նաև երկրպագուների և տեղի բնակիչների միջև։ Ամենալարվածը եղել է Ռուսաստան-Անգլիա խաղի ժամանակ. խաղից առաջ բախումների ժամանակ տուժել է շուրջ 30 մարդ։ 1-1 հաշվով ավարտված խաղից հետո ռուսաստանցի երկրպագուները մարզադաշտում անցել են անգլիացի երկրպագուների հատվածը և նոր անկարգություններ կազմակերպել։ Ոստիկանները ստիպված արցունքաբեր գազ և ջրցան են կիրառել։ ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել ռուսաստանցի երկրպագուների դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG