Մատչելիության հղումներ

Խուզարկություն Ադրբեջանի հրատարակչատներից մեկում


Խուզարկություններ «Գանուն»-ում

Խուզարկություններ «Գանուն»-ում

«Գանուն»-ում խուզարկություններ են սկսվել ընդդիմադիր հայացքներով հայտնի ադրբեջանցի գրողի ստեղծագործությունը հրատարակելուց հետո։

Ընդդիմադիր հայացքներով հայտնի ադրբեջանցի գրող Զումրութ Յագմուրի ստեղծագործությունը հրատարակելուց հետո «Գանուն» հրատարակչատունը հայտնվել է ադրբեջանական իրավապահների ուշադրության կենտրոնում։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ, ոստիկանությունը հրատարակչատանը խուզարկումներ է իրականացնում։

Մինչ ոստիկանությունը լռում է խուզարկությունների իրական պատճառների մասին, ադրբեջանական անկախ մամուլը պարզաբանում է. - «Տպագրատունը վերջերս հրատարակել է Զումրութ Յագմուրի ստեղծագործությունը։ Վերջինս ադրբեջանցի քաղբանտարկյալ, «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Ֆուադ Ղահրամանլիի կինն է։ Ղահրամանլին ձերբակալվել է 2011 թվականին հակակառավարական ցույցերի ժամանակ և մինչ օրս գտնվում է ճաղերի հետևում»։

«Երկրի անունը 22» վերտառությամբ վեպի հրատարակումից մի քանի օր անց երկրում բուռն քննարկումներ ծավալվեցին։ Թեման ակտիվորեն շրջանառվում էր հատկապես ադրբեջանական ընդդիմադիր շրջանակներում։

«Հակաուտոպիայի ժանրով գրված վեպը Ադրբեջանի աշխարհագրական նկարագիրն ունեցող մի կղզու մասին է, որտեղ բնակչությունը տառապում է կոշտ բռնապետական ռեժիմից։ Այստեղ կա բռնապետություն, կա բռնապետ, կա սուրբ արձան, որն էլ պատճառն է կղզու բնակիչների տառապանքի», - մեկնաբանել էր ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Ջամիլ Հասանլին։

Մեկ այլ ընդդիմադիր առաջնորդ՝ Ալի Քերիմլին էլ նկատել է, որ թեև գրքի հերոսները վերացական կերպարներ են, սակայն ստեղծագործության հիմքում ճշգրիտ կերպով ներկայացվում է ժամանակակից Ադրբեջանի քաղաքական պայքարը։

Ադրբեջանցի գրաքննադատները վեպը համեմատում են Ջորջ Օրուելի «1984» ստեղծագործության հետ, որտեղ հեղինակը, ծաղրելով ստալինիզմը, ներկայացնում է ամբողջատիրական ռեժիմի պայմաններում անհատականության ոչնչացման գործընթացը։

«Երկրի անունը 22» վերնագիրն, ըստ հեղինակի, պատահական չէ ընտրված։ 22 թիվը 1+9+9+3 թվերի գումարն է, որոնք միասին ցույց են տալիս 1993 թիվը․ այդ թվականին իշխանության եկավ Ադրբեջանի առաջին նախագահ Հեյդար Ալիևը։

«Մեր այսօրվա կյանքի բոլոր դժբախտությունների հիմքերը դրվեցին հենց 1993 թվականին», - մեկնաբանել է հեղինակը: «Հասարակության համար վատթարագույնը բռնապետության հաստատումն է։ Շատ ցավալի է, որ Ադրբեջանը 23 տարի շարունակ ապրում է բռնապետության ամենասարսափելի ձևերից մեկի պայմաններում», - ասել է Զումրութ Յագմուրը։

XS
SM
MD
LG