Մատչելիության հղումներ

Ապրիլյան բախումների ժամանակ ծանր վիրավորում ստացած 19-ամյա զինծառայող Ռուբեն Առաքելյանն այսօր լուսաբացին մոր և բժշկի ուղեկցությամբ մեկնեց Գերմանիա:

Առաջնագիծ մեկնած ընտանիքի միակ զավակի՝ Ռուբենի վերջույթները ողնուղեղային վիրավորումից հետո անշարժացել էին: Հայաստանյան բուժումից երկու ամիս անց նա սկսել էր շարժել ձեռքը: Թեպետ կառավարությունը հայտարարել էր, որ իր վրա է վերցնում արտերկրում վիրավոր զինծառայողների բուժման ծախսերը, այդուհանդերձ, Ռուբենի մորաքրոջ պնդմամբ՝ ոչ թե գործադիրն, այլ պաշտոնյաներն են իրենց անձնական գրպանից վճարել անհրաժեշտ 90 հազար եվրոն:

Նարինե Թումանյանն ասաց՝ պետական միջոցներից այդպես էլ ոչ մի կոպեկ չհատկացվեց Ռուբենի բուժման համար․ - «Տարբերությունը շատ մեծ է՝ ինչ-որ ընկնես դռնեդուռ, շատ դռներ ծեծես, երբ որ պիտի դու նստեիր ու քո զինվորի համար հոգայիր: Դրանք շատ տարբեր բաներ են»:

Շուրջ 20 օր է, ինչ Գերմանիայի հիվանդանոցներից մեկում է բուժումը շարունակում նաև կրկին ողնուղեղային վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանը: Հոր պնդմամբ՝ իրենք նույնպես պետական աջակցություն այդպես էլ չստացան, ու իրենց դեպքում ևս հիմնականում պետական պաշտոնյաներն են սեփական միջոցներից աջակցել: Լազգիյանի հայրը նույնպես պաշտոնական պատասխան էր ստացել, որ որդու բուժումը Հայաստանում հնարավոր է կազմակերպել, և որ միայն հակառակ դեպքում պետությունը կհոգար այդ ծախսերը: Այս օրերին ՀՀ-ում գտնվող զինծառայողի հայրն արդեն տեսանյութեր է ստանում կնոջից, թե ինչպես է Գերմանիայում որդին իր ձեռքով սնվում, խոսում առանց շշուկի, անգամ սայլակին նստած զբոսնում դրսում:

Արմանի և Ռուբենի հետ շուրջ 2.5 ամիս առաջ հիվանդանոց էր ընդունվել նաև պայմանագրային զինծառայող, 27-ամյա Էրիկ Բաբայանը, ում գրեթե բոլոր օրգաններն էին հրազենային վիրավորումից վնասվել: Գերմանիա գնալու մասին Էրիկի հարազատները դեռ չեն մտածում: Նախկինում անշարժ ու անգիտակից պառկած Էրիկն այսօր կարողանում է խոսել:

«Լավ եմ հիմա, կամաց կամաց բուժվում եմ: Մենակ ոտքիս հարցն է», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում պատմում էր Էրիկը, երբ սաստիկ ցավեր սկսվեցին և վիրավոր զինվորը ստիպված եղավ ընդհատել մեզ հետ զրույցը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանի խոսքով՝ Արմանի, Ռուբենի և Էրիկի համար հիվանդանոցը պետպատվերի շրջանակում ֆինանսավորում ստանալու նպատակով չի դիմել նախարարություն: Էրիկի բուժման համար շուրջ 7 մլն դրամ է ծախսվել, 5-6 հազար եվրո էլ կծախսվի էնդոպրոթեզավորման համար: Նա դեռ երկու ամիս կմնա հիվանդանոցում:

Դեռ անցած տարի Ազգային ժողովի կողմից ընդունված՝ պետության հաշվին զինծառայողների բուժման մասին օրինագիծի հեղինակ, պատգամավոր Էդմոն Մարուքյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ եթե կա օրենք, պաշտոնյաների կողմից սեփական միջոցների հաշվին «լավություն անելու» ժեստից տուժում է պետության վարկը:

«Ավելի լավ չի՞ պետությունը իր բյուջեից, պահուստային ֆոնդից այս երեք զինծառայողների հարցը լուծի այս օրենքի կիրառումով, քան թույլ տա, որ նման խոսակցություններ առաջանան», - հարցնում է պատգամավորը:

Առողջապահության նախարարությունից այդպես էլ չպատասխանեցին մեր գրավոր հարցումներին, թե որքա՞ն է կազմել այսօր առավոտյան Գերմանիա մեկնած զինծառայող Ռուբեն Առաքելյանի բուժման համար հատկացված պետպատվերի գումարը, առհասարակ որքա՞ն է կազմում վերակենդանացման բաժանմունքում մեկ հիվանդի համար անհրաժեշտ պետպատվերի գումարը, և թե արդյո՞ք ապրիլյան բախումների ընթացքում վիրավորված զինծառայողների բուժման համար լրացուցիչ գումար փոխանցվել է հիվանդանոցներին:

XS
SM
MD
LG