Մատչելիության հղումներ

Պատգամավորները սուր քննադատության ենթարկեցին Հարկային օրենսգրքի նախագիծը


Հարկային նոր օրենսգիրքը վնասից բացի, ոչ մի օգուտ չի տա ո՛չ երկրի տնտեսությանը, ո՛չ բիզնես միջավայրին, ո՛չ էլ բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը՝ եթե ընդունվի այս տեսքով․ այսպիսի կարծիք էր այսօր շրջանառվում Ազգային ժողովի արտահերթ նիստում աղմկահարույց նախագծի քննարկման ժամանակ:

Գրեթե բոլոր խմբակցությունները ներկայացնող պատգամավորները լուրջ մտահոգություններ հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից առաջարկվող 700 էջանոց փաստաթղթի մի շարք դրույթների վերաբերյալ:

Անգամ իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը, թվարկելով դրանից մի քանիսը, ընդգծեց, որ նախագիծը կազմելիս կարելի էր գոնե խորհրդակցել գործարարների հետ․ - «Քանի դեռ դա չկա, հավատացնում եմ ձեզ, այս օրենքը մեզ օգուտ չի տալու»:

Լրջագույն խնդիր է, ըստ պատգամավորների, շրջանառության հարկի նոր համակարգը․ նախագծով 40 մլն և ավելի շրջանառության ունեցող ընկերությունը ընկնում է 20 տոկոս ավելացված արժեքի հարկի տակ, մինչդեռ գործող օրենքով դա տարածվում է տարեկան 115 միլիոն դրամի չափով շրջանառություն ունեցողների վրա:

Նման մոտեցումը, ըստ քննարկմանը մասնակցող պատգամավորներից շատերի, կարող է բացասական ազդեցություն ունենալ փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության վրա՝ մեծացնելով դրանց հարկային բեռը:

Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի բացատրությամբ, շեմի բարձրացման հետևանքով խոշորները սկսեցին տրոհվել, և հիմա կառավարությունը փորձում է հավասար պայմաններ ստեղծել բոլոր տնտեսվարողների համար․ - «Մենք ունենք շատ ավելի լուրջ խնդիր: Այդ խնդիրը խոշորների նկատմամբ վարչարարություն իրականացնելն է: Սա ըստ էության նշանակում է նաև, որ կտրելով այդ գիծը, մենք ասում ենք, որ այն ինչ որ ունենք, ունենք: Պրակտիկան ցույց է տալիս, որ շեմը կլինի 115, թե շեմը կլինի 250, թե կլինի մեկ միլիարդ, դա չի հանգեցնելու նրան, որ մեր տնտեսավարող սուբյեկտները, ովքեր որ այդ շեմից ցածր են, հայտարարագրեն իրենց շրջանառությունները, գան աստիճանաբար մոտենան այդ շարքին: Դա ընդամենը մի բան է ցույց տալիս, որ մենք վերևի հատվածին ենք հնարավորություն ընձեռում ներառվել շրջանառության հարկի դաշտում, ինչը արդեն իսկ անհավասար տնտեսավարման պայմաններ է նախատեսում»:

Օրենսգրքի մի շարք դրույթներ բացասական ազդեցություն կունենան ոչ միայն բիզնես միջավայրի, այլև բնակչության սոցիալական վիճակի վրա:

Հասարակության լայն շրջանում լրջագույն մտահոգություն է առաջացնում եկամտահարկի դրույքաչափի 2-7 տոկոսով բարձրացումը 204 հազարից մինչև 2 միլիոն դրամ աշխավարձ ստացողների համար: Մյուս կողմից, 3 տոկոսով նվազեցվում է 2 միլիոն դրամից ավելի աշխատավարձ ստացողների հարկային բեռը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համար անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ է կառավարությունը կազմել պրոգրեսիվ հարկի դրույքաչափերը․ - «Միջին խավի ոչնչացման կամ իրենց նեղելու խնդի՞ր է դրված: Իսկ երկու միլիոնից բարձրը իջեցրել եք 36-ից 33․ սա էլ է անհասկանալի: Ամբողջ աշխարհում պրոգրեսիվ հարկում են մտցնում, դուք, չգիտեմ ինչու, այս բարձր եկամուտների տեր մարդկանց վրա այսպիսի թուլացումներ եք անում»:

Միրումյանը հակադարձեց․ - «Իհարկե, 36 տոկոսը նվազեցրել ենք 33 տոկոս, բայց այն բազան, որի նկատմամբ հաշվարկվում է այդ 33 տոկոսը, նույնպես նվազել է: Ինչը նշանակում է, որ այդ եկամուտների մակարդակը, որոնք որ այսօր Հայաստանում առկա են, դրանց պարագայում մենք ավելի բարձր եկամուտներ ունեցողների համար հարկման բեռի թեթևացում չենք նախատեսում: Չեմ ասում, թե սա շատ լավ մեխանիզմ է: Բայց մենք այլ մեխանիզմներ առաջարկելու համար պետք է հասկանանք նաև, թե ինչ աղբյուրների հաշվին ենք կարողանում ապահովել հարկաբյուջետային կայունությունը»:

Օրինագիծը քվեարկության կդրվի, ամենայն հավանականությամբ, երեքշաբթի օրը: Ընդդիմադիրների ընդգծմամբ, սակայն, անիմաստ է քննարկել, առավել ևս՝ քվեարկության դնել մի օրինագիծ, որտեղ մտահոգիչ դրույթների թիվը անցնում է մի քանի տասնյակից:

XS
SM
MD
LG