Մատչելիության հղումներ

Երևանում մոմավառություն անցկացվեց ի հիշատակ Օռլանդոյի ահաբեկչության զոհերի


Մի խումբ քաղաքացիներ այսօր մոմավառություն անցկացրեցին ի հիշատակ Օռլանդոյի ակումբում տեղի ունեցած ահաբեկչության տասնյակ զոհերի:

Նախօրեին Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում զինված տղամարդը ներխուժել է միասեռականների «Պուլս» գիշերային ակումբ և սպանել 50 մարդու, վիրավորել՝ 53-ին և պատանդ վերցրել մյուսներին: Ոստիկանությունը «Պուլս» ակումբ է մուտք գործել կրակոցներից մոտ երեք ժամ անց և սպանել պատանդներ վերցրած զինյալին: Արյունալի հարձակումից ժամեր անց Հետաքննությունների դաշնային բյուրոն հաղորդեց, որ ակումբ ներխուժելուց առաջ զինյալ տղամարդը զանգահարել է ոստիկանություն և իր հավատարմությունը հայտնել իսլամիստ ծայրահեղականներին:

«Իսլամական պետությունը» պաշտոնապես ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը, պնդելով, թե 29-ամյա գրոհայինը՝ Միացյալ Նահանգների քաղաքացի, աֆղանական ծագում ունեցող Օմար Մաթինը, եղել է «խալիֆաթի զինվորներից մեկը Միացյալ Նահանգներում»:

Այսօր ավելի վաղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր էր հղել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ խստորեն դատապարտելով անհանդուրժողականության «այս զարհուրելի երևույթը» և ընդգծելով, որ «բարեկամ ամերիկացի ժողովրդին պատուհասած այդ դժբախտությունը կրկին ապացուցեց, որ ատելության բոլոր դրսևորումները, որոնց հաղթահարումը բոլորի հավաքական պարտքն ու առաքելությունն է, նույնիսկ 21-րդ դարում շարունակում են մնալ լրջագույն մարտահրավեր մարդկության համար»:

XS
SM
MD
LG