Մատչելիության հղումներ

Օռլանդոյի ահաբեկիչը հավատարմություն էր հայտնել իսլամիստ ծայրահեղականներին


Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաարյունալի հարձակումից մոտ քսան ժամ անց Հետաքննությունների դաշնային բյուրոն հաղորդեց՝ Օռլանդոյի միասեռականների ակումբ ներխուժելուց առաջ զինյալ տղամարդը զանգահարել է ոստիկանություն և իր հավատարմությունը հայտնել իսլամիստ ծայրահեղականներին:

Ավելին, ըստ իրավապահների, Միացյալ Նահանգների քաղաքացի, աֆղանական ծագում ունեցող Օմար Մաթինը իրենց ուշադրության կենտրոնում է եղել դեռ 2013 թվականից, երբ գործընկերներին ասել էր, թե կապեր ունի ահաբեկիչների հետ: Ժամեր առաջ «Իսլամական պետությունը» պաշտոնապես ստանձնեց պատասխանատվությունը 50 մարդու սպանության համար, պնդելով, թե 29-ամյա գրոհայինը եղել է «խալիֆաթի զինվորներից մեկը Միացյալ Նահանգներում»:

Իրավապահներն այժմ ակտիվ որոնողական գործողություններ են իրականացնում՝ պարզելու, որքանով է իրականությանը համապատասխանում այս պնդումը և արդյոք հանցագործը միայնակ է գործել. այս պահի դրությամբ հնարավոր կասկածյալների մասին ոչինչ չի հաղորդվում:

Ողբերգական այս հարձակումը կրկին օրակարգ է բերել թեժ բանավեճը Սահմանադրության այն դրույթի վերաբերյալ, որը ամերիկացիներին տալիս է անարգել զենք կրելու իրավունք:

«Հարձակվողը բավական լավ զինված էր՝ ատրճանակով և հզոր ինքնաձիգով, և այս սպանդը ևս մեկ անգամ հիշեցնում է մեզ, թե որքան հեշտ է Նահանգներում զենք ձեռք բերել ու սպանել մարդկանց դպրոցում, եկեղեցում, կինոթատրոնում կամ գիշերային ակումբում: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, պետք է որոշենք՝ ինչպիսին ենք ուզում լինել որպես երկիր», - հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, ով տարիներ ի վեր հորդորում է վերանայել սահմանադրական այդ նորմը:

Հակադիր ճամբարում, մինչդեռ, վստահ են, որ դարեր առաջ ամերիկացիներին տրված այդ իրավունքը չի կարող սահմանափակվել ոչ մի դեպքում:

«Միևնույն է, այժմ միլիոնավոր փամփուշտներ են շրջանառության մեջ, և չեմ կարծում, թե արգելանքը որևէ բան կփոխի», - հայտարարում է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով՝ մարդիկ պաշտպանության կարիք ունեն: Ավելին՝ աղմկահարույց հայտարարություններով հայտնի Թրամփը այս հարձակումից հետո կրկնեց իր պնդումը, թե անհրաժեշտ է ընդամենը արգելել մահմեդականների մուտքը Նահանգներ:

Նախագահական ընտրությունների պատրաստվող երկրում Օռլանդոյի հարձակումը դարձել է երկու թեկնածուների՝ Քլինթոնի և Թրամփի բանավեճի հիմնական թեման: Միլիարդատեր գործարարը պնդում է՝ մարդիկ զոհվել են, քանի որ հետախուզությունը ձախողվել է, վարչակազմը՝ իրեն սպառել, ղեկավարներն էլ, այդ թվում՝ նախկին պետքարտուղար Քլինթոնը, հրաժարվում են իրերը կոչել իրենց անուններով՝ ահաբեկիչներին անվանելով «իսլամիստ ծայրահեղականներ»:

Քլինթոնը, ժամեր առաջ հակադարձելով այս մեղադրանքներին, NBC-ի հետ զրույցում պնդեց՝ կարևոր չէ, թե ինչ անուն ես տալիս, կարևորն այն է, թե ինչ քայլեր ես ձեռնարկում:

«Ես չեմ պատրաստվում դեմագոգիայով զբաղվել և պատերազմ հայտարարել մի ողջ կրոնի դեմ, դա վտանգավոր է», - հայտարարում է Քլինթոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG