Մատչելիության հղումներ

ՀՀ իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են նոր կարծիք տրամադրել ԸՕ-ի վերաբերյալ


Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քվեարկության արդյունքները Ազգային ժողովում: 25-ը մայիսի, 2016 թ․

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քվեարկության արդյունքները Ազգային ժողովում: 25-ը մայիսի, 2016 թ․

Արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են նոր կարծիք տրամադրել մայիսի 25-ին ընդունված Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, որտեղ հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն կգնահատեն նոր օրենսգրքում ներառված վերջին փոփոխությունների և իրենց առաջարկությունների համապատասխանությունը:

«Հայաստանի իշխանություններն Ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացում շոշափելի ջանքեր են գործադրել Վենետիկի հանձնաժողովի ու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) առաջարկությունները հաշվի առնելու համար, ինչպես նաև ապահովել են գործընթացում դերակատարների մասնակցության լայն ներառականություն», - Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունից մեջբերում է Հայաստանի արդարադատության նախարարությանը:

Ըստ հաղորդագրության, օրեր առաջ Վենետիկի հանձնաժողովի նիստին մասնակցող նախարար Արփինե Հովհաննիսյանը, հիշեցնելով, որ նոր Ընտրական օրենսգիրքը խորհրդարանում ընդունվել է անհրաժեշտ ձայներից ավելի մեծամասնությամբ, հայտարարել է, թե օրենսգիրքն ընդունվել է լայն կոնսենսուսի հիման վրա:

Օրենսգրքի նախագծի շուրջ իշխանությունների հետ քաղաքացիական հասարակության կողմից բանակցող Դանիել Իոաննիսյանի պնդմամբ՝ իրականում կոնսենսուս չի եղել, իսկ ընդդիմության ու քաղհասարակության հետ բանակցությունները ձևական բնույթ են ունեցել․ - «Քննարկումներ արեցին՝ 4+4+4-ը, բոլորս հիշում ենք, բայց դա ավելի դեկորատիվ էր, ըստ էության այդ 4+4+4-ի արդյունքում որևէ էական փոփոխություն փաստաթուղթը չկրեց: Ես կարող եմ ասել, որ այն կուլիսային բանակցությունները և քննարկումները, որ ընթանում են հիմա, շատ ավելի պրոդուկտիվ են, և ակնկալիք կա, որ արդյունքում Ընտրական օրենսգիրքը մի քիչ ավելի էական փոփոխություններ կկրի ու իրապես գոնե մի քիչ կբարելավվի: Իշխանությունները հստակ տեսան, որ միջազգային հանրությունը այդքան էլ բավարարված չէ Ընտրական օրենսգրքով, քանի որ մենք բավարարված չենք, Հայաստանի հասարակությունը բավարարված չէ: Եվ իշխանությունները ստիպված են լինելու ինչ-որ փոփոխություններ կատարել, որոնք մենք արդեն կամաց-կամաց տեսնում ենք բանակցությունների շրջանակներում»:

4+4+4 ձևաչափով իշխանության հետ բանակցող ընդդիմադիրներն ու քաղհասարակության ներկայացուցիչները 5 հիմնական պահանջ էին ներկայացրել նոր օրենսգրքում ընդգրկելու համար․ ընտրողների ցուցակների հրապարակում, ցուցակների մաքրում, պարզ համամասնական ընտրակարգի ներդրում, պետության կողմից ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրում և անցում մատնահետքերով նույնականացման համակարգի:

Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքով, քանի դեռ իշխանությունները չեն ընդունել այս առաջարկները, ապա կոնսենսուսի մասին խոսելը բացառվում է․ - «Կա հինգ առաջարկ: Դրանք միասնական առաջարկներ են եղել ողջ ընդդիմադիր դաշտի կողմից և քաղաքացիական հասարակության կողմից, որոնք չեն ընդունել: Եթե այս հինգ պահանջները չեն ընդունվում, ապա խոսել կոնսենսուսի մասին, դա նշանակում է խաղալ Սերժ Սարգսյանի խաղը»:

Վենետիկի հանձնաժողովի նիստում Արդարադատության նախարարը նշել է, որ հանձնաժողովի 75 առաջարկություններից 54-ն ընդունվել են ամբողջությամբ, 7-ը՝ մասամբ: Խոսելով ընդդիմության հիմնական պահանջի՝ ընտրողների ցուցակների հրապարակման հնարավորության մասին, նախարարը հայտարարել է․ - «Մեզ հաջողվեց գտնել մի լուծում, որը թույլ է տալիս, մի կողմից, ապահովել անձնական տվյալների պաշտպանությունը և քվեարկության գաղտնիությունը, իսկ մյուս կողմից՝ շահագրգիռ կողմերի համար ստորագրված ցուցակների հասանելիությունը»:

XS
SM
MD
LG