Մատչելիության հղումներ

«Չենք հանձնելու ո՛չ օդը, ո՛չ հողը» կարգախոսով վաղ առավոտից խորհրդարանի առջև էին հավաքվել տասնյակ ցուցարարներ՝ պատգամավորներից պահանջելու չվավերացնել Ռուսաստանի հետ կնքված հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի պայմանագիրը:

«Թեպետ համաձայնագիրը կոչվում է միավորված համակարգ ստեղծելու մասին, բայց իրականում Հայաստանի տարածքը, որպես առանձին շրջան, ներառված է Ռուսաստանի Հարավկովկասյան զինվորական օկրուգի պատասխանատվության տարածքում», - ասում է ընդդիմադիր «Նոր Հայաստան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը, ով մի քանի տարի աշխատել է Պաշտպանության նախարարությունում և գիտի օդային պաշտպանության առանձնահատկությունները․ - «Այսինքն՝ այս համաձայնագրով մենք դառնում ենք ուրիշ պետության զինված ուժերի ենթակայությամբ գործող ենթա-ենթա-բաղադրիչ: Սա մեր զինված ուժերի կառավարման և մեր ինքնիշխանության նկատմամբ ուղիղ ոտնձգություն է»:

Ընդդիմադիր գործչի համոզմամբ, կախվածությունը Մոսկվայից այնքան մեծ է, որ համագործակցության մասին խոսք լինել չի կարող․ - «Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ուղղակի խամաճիկ է և բացարձակապես չի համարձակվելու որևէ ինքնուրույն քայլ կատարելու՝ թեկուզ երևույթը վերաբերի ազգային անվտանգության կենսական շահերին»:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն անգամ ավելորդ է համարում խոսել ինքնիշխանության մասին, ասում է՝ Հայաստանը դարձել է «գուբեռնիա», և սա «չափազանցություն չէ»: - «Մենք ստացանք ամենաթանկ գազ, ամենաթանկ հոսանք, ամենաթանկ վարկեր և մենք ստացանք պատերազմ: Մենք զիջել ենք ամեն ինչ, ինչ հնարավոր էր: Սա խորհրդանշական վերջին կաթիլներից մեկն է: Սա նշանակում է, որ մենք մեր տունը, մեր ունեցվածքը և մեր երեխաների ապագան ոչ թե զիջում ենք, այլ լուռ նայում ենք, թե ինչպես է վաճառվում»:

«Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը տարակուսած էր՝ գոնե ապրիլյան իրադարձություններից հետևություն անեին, որ Ռուսաստանը վստահելի դաշնակից չէ․ - «Եթե այդ ամենից հետո դու շարունակում ես Ռուսաստանի հետ ոչ միայն հարաբերություններ պահպանել, այլ նրա բարյացակամությանն ես հավատում, նշանակում է՝ քո բոլոր խնդիրները քո խնդիրներն են: Որովհետև եթե դու ապուշ ես՝ վերջ, ոչ մեկից ոչինչ կախված չէ, քո ապուշության հետևանքները պիտի դու վայելես»:

Տեղեկանալով, որ հարցն ընդգրկված չէ նիստի օրակարգում, ցուցարարները հեռացան:

XS
SM
MD
LG