Մատչելիության հղումներ

Արշակունյաց 46 և 46/1 շենքերի բակի ապօրինի շինությունը կապամոնտաժվի


Արշակունյաց 46 և 46/1 շենքերի բակում կառուցվող շինությունը, 17-ը մայիսի, 2016թ․

Արշակունյաց 46 և 46/1 շենքերի բակում կառուցվող շինությունը, 17-ը մայիսի, 2016թ․

Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակը քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է ամենօրյա աշխատանքը ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 5 դեպք, 1 հասցեում իրականացվել են քանդման աշխատանքներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել գործընթացի նկատմամբ սահմանված խիստ հսկողությունը:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, վարչության պետը զեկուցել է նաև քաղաքապետի հանձնարարականով իրականացված՝ Երևանի Արշակունյաց պողոտայի 46 և 46/1 շենքերի բակում կառուցվող շինության առնչությամբ բնակիչներից ստացված դիմում-բողոքների համակողմանի ուսումնասիրման արդյունքները: Ըստ այդմ, նախ նշվել է, որ տվյալ շինության կառուցումն իրականացվել է առանց համապատասխան փաստաթղթերի առկայության, ինչի համար վարչության աշխատակիցների կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն և նշանակվել է վարչական տուգանք: Համաձայն հանձնարարականի, ուսումնասիրվել է նաև տվյալ շինությունը կառավարության 912 Ն որոշման համապատասխան օրինականացնելու հնարավորությունը, սակայն ստացված մասնագիտական եզրակացությամբ պարզվել է, որ այն օրինականացման ենթակա չէ:

Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին, հողի վերահսկողության վարչությանն ու հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարել է եռօրյա ժամկետում ապամոնտաժել վերոնշյալ շինությունն ու տարածքը բերել նախկին տեսքի:

XS
SM
MD
LG