Մատչելիության հղումներ

logo-print

Միլս․ Հայաստանը հանձնառու է միջուկային նյութերի նկատմամբ պատշաճ հսկողության հարցում


ՀԱԷԿ, արխիվ

ՀԱԷԿ, արխիվ

Այսօր ԱՄՆ-ի կառավարության ու Հայաստանի կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարի շուրջ երկու երկրների կառավարությունների միջև 2008 թվականին ստորագրված գործողությունների համատեղ ծրագրի հերթական վերանայումը:

«Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների միջադեպերը աշխարհի տարբեր մասերում շեշտադրում են համակարգված միջազգային ջանքերի նկատմամբ պահանջարկը, որպեսզի այս վտանգավոր նյութերը հուսալիորեն պահպանվեն և չհայտնվեն ահաբեկիչների ու չարագործների ձեռքին, ովքեր կարող են դա օգտագործել անցանկալի նպատակներով: Այս հարցում Հայաստանն ու Միացյալ Նահանգներն արդեն բավականին երկար գործակցում են: Բացի այդ, Հայաստանը միջուկային անվտանգության մեծացման ու միջուկային նյութերի տարածման դեմ պայքարում միջազգային հանրության կարևոր ու ակտիվ դերակատարներից է», - ասված է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան հաղորդագրությունում:

«Այս վերանայումը փաստում է Հայաստանի հանձնառությունն իր կողմից տնօրինվող միջուկային նյութերի նկատմամբ պատշաճ հսկողություն ապահովելու և երկրի սահմաններով միջուկային մաքսանենգությունը կանխելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների շարունակման հարցերում», - մասնավորապես հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը, ով հանդիպմանը ղեկավարում էր ամերիկյան պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին Պետքարտուղարության Միջազգային անվտանգության ու ԶՈԶ չտարածման հարցերով բյուրոյի վաշինգտոնյան փորձագետներ:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարարության Միջազգային անվտանգության վարչության պետ Գագիկ Հովհաննիսյանը, իսկ պատվիրակության կազմում էին ներկայացուցիչներ արտաքին գործերի, էներգետիկայի նախարարություններից, Ազգային անվտանգության ծառայությունից, Հայաստանի սահմանային անվտանգության, մաքսային և միջուկային կարգավորման ոլորտի պետական կառույցներից: Մասնակցում էին նաև փորձագետներ երկրի ատոմակայանը շահագործող ընկերությունից:

2008-ի հուլիսին ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից ստորագրված Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարի համատեղ ծրագրում ներկայացվում են այն քայլերը, որ Հայաստանը կարող է ձեռնարկել միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների կանխարգելման, բացահայտման ու նման միջադեպերին արձագանքելու կարողությունները կատարելագործելու նպատակով: Այս ծրագրի իրականացմանն ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը ներառել է ուսուցում, սարքավորումների տրամադրում և այլ աջակցություն: Միասին երկու երկրների կառավարությունները ամրապնդել են հայաստանյան այն շինությունների անվտանգությունը, որտեղ պահվում են ռադիոակտիվ նյութեր, բարելավվել են սահմաններով հավանական փոխադրման ռադիոակտիվ նյութերը բացահայտելու կարողությունները և կատարելագործվել են միջուկային մաքսանենգության միջադեպերի քննության հնարավորությունները Հայաստանում:

Մեկ ամբողջ օր տևած հանդիպումների վերջում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը վերահաստատել են այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու իրենց հանձնառությունը և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղիները, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG