Մատչելիության հղումներ

Վախճանվել է Օֆելյա Համբարձումյանը


91 տարեկանում կյանքից հեռացել է անվանի երգչուհի, ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925 թվականի հունվարի 9-ին Երևանում, սովորել և ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ու հրավիրվել ռադիոյի ժողովրդական նվագարանների անսամբլ, որին գրեթե մի ամբողջ կյանք է նվիրել։

Երգացանկն ընդգրկում է հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշուղական, ինչպես նաև՝ կոմպոզիտորական երգեր։ Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները` «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն։ Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը, աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործություններից շատերի առաջին կատարողն է եղել։ Աշուղ Աշոտը խոստովանել է, որ «Օջախում», «Դու ծաղկավառ Զանգեզուրի» և մի շարք այլ երգեր հորինել է հատկապես Օֆելյա Համբարձումյանի համար, Շահենն էլ իր «Էլինար» պոեմն է գրել երգչուհու համար։

Մշակույթի նախարարության հաղորդագրության համաձայն՝ Օֆելյա Համբարձումյանի թաղման կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով:

Երգչուհու մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Լինելով ժողովրդական երգարվեստի մեծ նվիրյալ և երախտավոր, մեր ժողովրդի հույզերի ու ապրումների կրող և թարգման՝ Օֆելյա Համբարձումյանն իր երկարատև և բուռն ստեղծագործական կյանքով նոր մակարդակի բարձրացրեց հայ երգը: Տասնամյակներ շարունակ համաժողովրդական մեծ սեր վայելող նրա կատարումները հիացրել ու ոգեշնչել են հայրենի հանդիսատեսին, հայ մնալու ուժ ու կորով հաղորդել սփյուռքի մեր հայրենակիցներին», - նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Համբարձումյանների և Հովհաննիսյանների ընտանիքին հղած հեռագրում մասնավորապես գրել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG