Մատչելիության հղումներ

logo-print

Ազգային ժողովի իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը «թույլ» և «մեր երկրին պատիվ չբերող» հայտարարություն է համարում Հայաստանի արտգործնախարարության արձագանքը Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային՝ Նժդեհի արձանի վերաբերյալ նախօրեին հնչեցրած որակումների առնչությամբ:

Զախարովան «անհասկանալի էր» համարել Երևանի կենտրոնում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը։

Հայտարարելով, որ Ռուսաստանի համար անհասկանալի է Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրումը, Զախարովան նաև նշել էր՝ «Մեր վերաբերմունքը Հայրենական մեծ պատերազմին բոլորը լավ գիտեն: Մեր վերաբերմունքը նացիզմի, նեոնացիզմի և ծայրահեղականության ցանկացած դրսևորմանն ու հերոսացմանը նույնպես բոլորը գիտեն՝ այն ամրագրված է միջազգային փաստաթղթերում: Եվ մեզ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է տեղադրվել նշված արձանը, չէ՞ որ մենք գիտենք Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայ ժողովրդի անմահ սխրանքի մասին»:

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության գաղափարախոսը համարվող Նժդեհի բրոնզե արձանը Երևանի սրտում՝ կառավարության երրորդ մասնաշենքի հարակից հրապարակում, հանդիսավոր կերպով բացվեց մայիսի 28-ին։ Արարողությանը, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մասնակցում էին երկրի իշխանական վերնախավի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը շաբաթ օրը իր ֆեյսբուքյան էջում ռուսերեն լեզվով գրառում էր կատարել՝ կապված Նժդեհի արձանի տեղադրման հետ, որում, մասնավորապես, շեշտել էր` Նժդեհը կազմակերպել է Հայաստանի տարածքի, այդ թվում՝ Զանգեզուրի պաշտպանությունը: Հայաստանի արտաքին գերատեսչության խոսնակի գրառման մեջ, սակայն, Զախարովայի վերոհիշյալ մեկնաբանությանը որևէ անդրադարձ չկա: Նրա քննադատության թիրախը բացառապես Ադրբեջանն է։ «Միանգամայն հասկանալի է այն, որ գեներալ Նժդեհի արձանի տեղադրումը Ադրբեջանում պատվիրված հրապարակումների հերթական փոթորիկն առաջացրեց, ինչն Ադրբեջանի ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ հավակնությունների մասին բազմիցս հնչեցված հայտարարությունների անմիջական հետևանքն է»,- գրել էր Տիգրան Բալայանը:

«Մեր արտաքին գործերի նախարարության այս հայտարարությունը ինձ կատեգորիկ չի բավարարում: Շատ անատամ, շատ թույլ հայտարարություն է, և ես ցավով եմ դա արձանագրում և ես վստահ եմ, որ նույն Ռուսաստանի արտգործնախարարությունում մեր հանդեպ հարգանքը նման հայտարարության արդյունքում չի ավելանալու», - նշեց Ֆարմանյանը` այդուհանդերձ ընդգծելով, որ այս հայտարարությունը ավելի շուտ քաղաքական որոշման հետևանք է: - «Եվ ես վստահ եմ, որ այդ սխալը կուղղվի», - հավելեց պատգամավորը:

Ֆարմանյանը նաև քննադատեց Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչին` նշելով, որ Հայաստանում արձանների տեղադրման հարցը Ռուսաստանի որևէ պաշտոնյայի, այդ թվում՝ Զախարովայի կամ նրա անմիջական ղեկավար Սերգեյ Լավրովի լիազորությունների մեջ չի մտնում։

«Ես կարծում եմ՝ և՛ մենք, որպես պատգամավորներ, և՛ արտաքին գործերի նախարարությունը, պետք է համապատասխան պատգամ փոխանցենք տիկին Զախարովային և նրա անմիջական ղեկավարներին, որովհետև նման անտեղի և անիրազեկ, չմտածված հայտարարությունները, եթե անգամ, իրենց հետին մտքով լուծում են լրիվ այլ խնդիրներ, խոշոր հաշվով, հայ հասարակության ներսում գնալով ավելի մեծ հարցեր են առաջացնում ընդհանրապես գոյություն ունեցող հարաբերությունների մասին»,- ասաց հանրապետական պատգամավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG