Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգներին պատմական ընտրություններ են սպասվում


Ամիսներ տևած թեժ պայքարից հետո այս շաբաթ միլիարդատեր Դոնալդ Թրամփն ու Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար, առաջին տիկին Հիլարի Քլինթոնը ստացան կուսակիցների անհրաժեշտ քվեները, ինչը ենթադրում է, որ եթե անկանխատեսելի զարգացումներ չլինեն, նոյեմբերին հենց նրանք կլինեն ԱՄՆ նախագահի հիմնական թեկնածուները:

Վճռորոշ այս եզրագծին հասնելիս երկու մրցակիցները է՛լ ավելի թեժացրին քարոզարշավը, որն առանց այդ էլ ամենասկանդալայիններից մեկն է վերջին տասնամյակներում: Աղմկահարույց ելույթներով հայտնի Թրամփը հիշեց Քլինթոնի անցյալի բոլոր մութ կետերը` ամուսնու սիրուհիներից մինչև թերացումները պետքարտուղարի պաշտոնում:

«Հիլարի Քլինթոնը խաբեբայի դասական օրինակ է: Նա վտանգել է մեր ազգային անվտանգությունը` իր էլեկտրոնային նամակները պահելով անձնական սերվերի վրա, իսկ դա արել է մեկ նպատակով, որ թաքցնի իր կոռուպցիոն գործարքները. Բիլն ու Հիլարին 2001 թվականից ի վեր 153 միլիոն դոլարի եկամուտ են ստացել` տարբեր խմբերի առջև ելույթ ունենալով. սրանք մեծ փողեր են, մե՜ծ փողեր, և նրանք, ովքեր տվել են այդ գումարները, հիմա Հիլարիի տերերն են», - հայտարարել է Թրամփը:

Քլինթոնն իր հերթին, մի կողմ դնելով դիվանագիտական փորձառությունը, անցավ բաց տեքստերի` պնդելով` Թրամփն ունակ է երկիրը պատերազմի մեջ ներքաշել միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը նրան դուր չի եկել: Նախկին պետքարտուղարը փաստեց` միլիարդատեր գործարարը տարօրինակ համակրանք ունի բռնապետների նկատմամբ` Հյուսիսային Կորեայի առաջնորդից մինչև Ռուսաստանի նախագահ:

«Թե ո՞րն է դրա պատճառը` թող հոգեբանները պարզեն, բայց ես վստահ եմ` պատմական սխալ կլինի Թրամփին վստահել միջուկային զենքի կոդերը», - հայտարարել է Հիլարի Քլինթոնը: - «Հիմա պատկերացրեք` Դոնալդ Թրամփը նստած է Սպիտակ տանը և կյանքի ու մահվան որոշում է կայացնում Միացյալ Նահանգների համար, պատկերացրեք մի իրավիճակ, երբ նա է որոշում` ուղարկե՞լ արդյոք ձեր ամուսիններին ու որդիներին պատերազմ, թե՞ ոչ․․․ Պատկերացրեք, որ նա իրեն բնորոշ զայրույթի պահերին վերահսկում է ոչ թե Թվիթերի էջը, այլ Միացյալ Նահանգների ողջ զինանոցը: Ուզո՞ւմ ենք, որ նա լինի մեր զինված ուժերի գլխավոր հրամանատարը: Մեծապես հավատում եմ, որ Ամերիկայի ժողովուրդը ճիշտ որոշում կկայացնի», - հավելել է նա:

Հիմնական քարոզարշավը չսկսած` երկու թեկնածուներն էլ ընդգծում են` մրցակցի հաղթանակը կկործանի Ամերիկան: Փրկության ճանապարհներն էլ տրամագծորեն տարբեր են. տնտեսական ոլորտում Թրամփը կոչ է անում ստեղծել աշխատատեղեր, թեթևացնել միջին խավի հարկային բեռն ու տնտեսությունը վստահել իր նմաններին` Wall Street-ի փորձառու գործարարներին: Քլինթոնը հակադարձում է` հենց նրանք էին մեղավոր 2008-ի ֆինանսական ճգնաժամի համար, «շահում է Թրամփը՝ կորցնում եք դուք»:

Ներքին կյանքում հաջորդ վիճահարույց հարցը դիրքորոշումն է փախստականների ու ապօրինի միգրանտների վերաբերյալ. Թրամփը վստահ է` անհրաժեշտ է պատ կառուցել Ամերիկայի և Մեքսիկայի սահմանին, որի համար, ի դեպ, պետք է Մեքսիկան վճարի, Նահանգներից վռնդել փաստաթղթեր չունեցող 11 միլիոն միգրանտներին և վերջ դնել քաղաքականությանը, որով Նահանգներում ծնված երեխան ինքնաբերաբար ստանում է ամերիկյան քաղաքացիություն:

«Մենք պետք է վերջ տանք փախստականների այս հոսքին, մենք չգիտենք` ովքեր են նրանք, որտեղից են գալիս: Պետք է մի պահ շունչ քաշենք և մեր գումարները օգտագործենք` հոգ տանելու մեր աղքատ ամերիկացիների մասին», - ասում է նա:

Թրամփը փորձում է պատ կառուցել ոչ միայն Ամերիկայի և Մեքսիկայի միջև, այլև՝ ամերիկացիների, հակադարձում է Քլինթոնը, պնդելով, թե միլիոնատերը ետ է շպրտելու Ամերիկան ժամանակներ, երբ հնարավորություններն ու իրավունքները վերապահված էին մի քանի ընտրյալների:

«Թրամփն ասում է, թե Ինդիանայի պատկառելի դատավորներից մեկը չի կարող աշխատել այդ պաշտոնում, քանի որ արմատներով Մեքսիկայից է, ծաղրում է հաշմանդամություն ունեցող լրագրողին, վիրավորում է մահմեդականներին ու փախստականներին... այս ամենը հակասում է այն բոլոր արժեքներին, որ կարևոր են Ամերիկայի համար, և այս քվեարկությունը պարզապես սովորական պայքար չէ դեմոկրատների և հանրապետականների միջև, սա բոլորովին այլ ընտրություն է, որը կորոշի, թե ով ենք մենք որպես ժողովուրդ», - ասել է նա:

Է՛լ ավելի հակասական են թեկնածուների դիրքորոշումները արտաքին քաղաքական հարցերում: Եթե Քլինթոնը խոստանում է շարունակել Օբամայի քաղաքականությունը, ապա Թրամփը սպառնում է գլխիվայր շուռ տալ ամերիկյան քաղաքական գիծը: Ռուս-ամերիկյան լարված հարաբերությունների ֆոնին հանրապետական Թրամփը չի թաքցնում իր անձնական համակրանքը Պուտինի նկատմամբ՝ նրան բնութագրելով որպես տաղանդավոր և ուժեղ անձնավորություն: Ավելին՝ Թրամփը կասկածի տակ է դնում ՆԱՏՕ-ի արդյունավետությունը, պնդելով, թե կառույցը վաղուց սպառել է իրեն և եթե ցանկանում է ոտքի կանգնել, պետք է լծվի միգրանտների դեմ պայքարին:

Քլինթոնը հակադարձում է․ - «Նա հարձակվում է մեր մերձավոր դաշնակիցների վրա, հայտարարում է, թե պետք է դուրս գալ ՆԱՏՕ-ից, ողջունում է Հյուսիսային Կորեայի բռնապետին, կողմ է հանդես գալիս գաղափարին, որ առավել շատ երկրներ ունենան միջուկային զենք՝ մի բան, որի դեմ ավելի քան 70 տարի պայքարել են Ամերիկայի թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատ նախագահները: Սա զուտ պառակտող քաղաքականություն չէ, սա վտանգավոր է, շատ վտանգավոր և առավել խոցելի կդարձնի Ամերիկան»:

Քլինթոն-Թրամփ բանավեճը թերևս առավել սուր դրսևորումներ կստանա առաջիկա ամիսներին: Ամերիկյան մամուլը կատաղի մրցապայքար է կանխատեսում` փաստելով` անկախ այն բանից, թե նրանցից ով կհաղթի, այս ընտրությունը պատմական է լինելու:

Եթե ընտրվի Հիլարի Քլինթոնը, նա դառնա առաջին կին նախագահը Միացյալ Նահանգների 240 տարվա պատմության մեջ: Թրամփը հաղթանակի դեպքում կլինի Ամերիկայի ամենատարեց նախագահը․ նա Սպիտակ տուն կմտնի 70 տարեկանում: Ավելին՝ հաջողության հասնելու դեպքում Թրամփը կլինի առաջինը ավելի քան կես դարում, որ Միացյալ Նահանգների նախագահ է դառնում առանց քաղաքական որևէ փորձառության` երբևէ չլինելով կոնգրեսական կամ նահանգապետ: Թրամփից առաջ ԱՄՆ նախագահի աթոռին երբևէ չի հավակնել մեկը, որ ունի կազինոների կամ հյուրանոցների ցանց:

Թրամփը պնդում է` ես գիտեմ գործարքներ կնքել, ինչն առավել անհրաժեշտ է այսօր Ամերիկային: «Նա չունի նախագահին անհրաժեշտ որևէ ձիրք», - հակադարձում է Քլինթոնը:

Ընդ որում, ծայրահեղ հակասական դիրքորոշում ունեցող այս թեկնածուները գրեթե հավասար աջակցություն ունեն ամերիկացիների շրջանում․ համենայնդեպս՝ վերջին հարցումների համաձայն, Քլինթոնն առայժմ իր վարկանիշով Թրամփին գերազանցում է ընդամենը մեկ-երկու տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG