Մատչելիության հղումներ

Բելգրադում ցույցեր են անցկացվել 3 միլիարդ արժողությամբ կառուցապատման ծրագրի դեմ


Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հունիսի 11-ին մի շարք ցույցեր են անցկացվել Միացյալ Արաբական Էմիրությունների ֆինանսավորմամբ իրականացվող կառուցապատման ծրագրի դեմ, որի համար տարածք ազատելու նպատակով մի շարք շինություններ ապամոնտաժվել արվեստների, ազատ մտածողների ու մտավորականության կենտրոն համարվող սրճարանային և ռեստորանային Սավամալա թաղամասում:

Ցուցարարներին հատկապես զայրացրել է այն փաստը, որ շենքերը ապամոնտաժվել են գիշերվա քողի տակ՝ դիմակավորված անձանց կողմից:

«Բելգրադը մեր քաղաքն է» կոչերով փողոց դուրս եկած հազարավոր ցուցարարները պահանջել են քաղաքապետ Սինիսա Մալիի հրաժարականը:

Սերբիայի վարչապետի պաշտոնակատար Ալեքսանդր Վուչիչի ղեկավարած Սերբական առաջադիմական կուսակցությունը ցույցերը ընդդիմության կողմից հրահրված «կրկես» է անվանել:

Բելգրադի քաղաքապետը՝ Վուչիչի մերձավոր դաշնակից Մալին, առանցքային դեր է խաղացել ՄԱԷ-ի հետ 3 միլիարդ դոլար արժողությամբ ներդրումային գործարքը կնքելու հարցում, որի նպատակն է Դուբայի ոճով գործառական և բնակարանային համալիր կառուցել Սավա գետի ափամերձ շրջանի կիսախարխուլ թաղամասում:

Ծրագրի հակառակորդները պնդում են, որ ներդրումային ծրագիրը կոռուպցիոն գործարքի հետևանքով է կնքվել և որ Բելգրադի տվյալ հատվածում նմանատիպ ծրագրի իրականացումը նպատակահարմար չէ:

XS
SM
MD
LG