Մատչելիության հղումներ

logo-print

Սեֆիլյանը «Ազգային դիմադրության կոմիտե» է ստեղծում


Ժիրայր Սեֆիլյան, 11-ը հունիսի, 2016թ․

Ժիրայր Սեֆիլյան, 11-ը հունիսի, 2016թ․

Ազատամարտիկի պնդմամբ, դրա կարիքն առկա է այն պարագայում, երբ շատ հավանական են նոր ռազմական զարգացումները, իսկ «իշխանությունն անգործության է մատնված»:

«Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը սկսում է «Ազգային դիմադրության կոմիտե» ստեղծելու շուրջ բանակցություններ: Այսօր ազատամարտիկը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ղարաբաղյան խնդիրը նոր հանգրվանի է հասել, և այն պարագայում, երբ շատ հավանական են նոր ռազմական զարգացումները, «իշխանությունն անգործության է մատնված»: Ուստի՝ ինքը մտադիր է ձևավորել երկրի ռազմա-քաղաքական ղեկավարումն իրականացնելու ունակ կոմիտե:

«Ձևավորվող կոմիտեի առաջնահերթ խնդիրը պիտի լինի օր առաջ վստահելի կառավարության ձևավորումը: Ունենք դավաճան քաղաքական ղեկավարություն, օր առաջ պետք է այլընտրանք ձևավորենք և երկիրը կառավարելու գործառույթը ժողովրդի և բանակի օգնությամբ վերցնենք մեր ձեռքը»,- այսօր հայտարարեց Սեֆիլյանը:

1990-ականների պատերազմում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը պնդեց, որ իշխանությունն այսօր պատրաստվում է ղարաբաղյան հարցում գնալ տարածքային զիջումների, այդ պատճառով էլ նոր ձևավորվող դիմադրության կոմիտեում ընդգրկվելու են մարդիկ, ովքեր դեմ են ղարաբաղյան հարցի կարգավորման Մադրիդյան սկզբունքներին և զիջումներին: «Մարդիկ, որոնք մերժում են Արցախյան պատերազմի ավարտից մինչ այսօր պարտվողական քաղաքականությունը, որը կիրառվել է բոլոր ռեժիմների կողմից: Մարդիկ, որոնք կողմ պետք է լինեն հակառակորդին ծունկի բերելու միջոցով խաղաղություն ստանալու գաղափարին՝ շատ լավ գիտակցելով, որ մինչև հակառակորդին մենք չբերենք ծունկի, ոչ մի խաղաղություն էլ չենք ստանա»:

Սեֆիլյանը չմանրամասնեց, թե ինչ ճանապարհով է իր առջև դրված խնդիրներն իրականացնելու նոր ստեղծվելիք կառույցը: Չնշելով կոնկրետ անուններ, նա հայտարարեց, որ առաջիկա օրերին կոմիտեի ձևավորման հարցով հանդիպումներ է ունենալու մի քանի տասնյակ անձանց հետ: Սեֆիլյանը չբացառեց նաև համագործակցությունը վերջերս Հայաստան վերադարձած՝ Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ, ընդգծելով՝ պետք է հետաքրքրվել, թե ինչու էր պետական գաղտնիքներ կրող Բաբայանը ստիպված հեռացել Հայաստանից: «Ինչպես կարելի էր թույլ տալ այդ մարդու պարտադրված բացակայություն Հայաստանից: Ինչ էլ լիներ խնդիրը, ես կարծում եմ, որ հնարավոր էր լուծում գտնել և այդ բացակայությունը չլիներ»:

Սեֆիլյանն անդրադարձավ նաև Սամվել Բաբայանի և Ղարաբաղի պաշտպանության գործող նախարար Լևոն Մնացականյանի հեռակա բանավեճին: Ղարաբաղյան երկու հրամանատարները միմյանց մեղադրել էին բավարար ջանքեր չգործադրելու և տարածքների կորուստ թույլ տալու համար: Սեֆիլյանը կոչ արեց զերծ մնալ հրապարակային բանավեճից ու նախաձեռնել զինվորականների հանդիպում: «Շատ լավ հասկանալով, որ այսօր մենք գտնվում ենք պատերազմի մեջ, ովքեր որ քիչ թե շատ ներդրում ունեն և հասկանում են ռազմական գործունեությունից, այս օրերին պետք է լինեն համերաշխ: Առաջիկայում անպայման կգտնենք այն ձևաչափը, որտեղ կարող ենք բանավիճել, և այդ բանավեճից օգուտ կստանա մեր բանակն ու մեր ժողովուրդը»:

Խոսելով Սամվել Բաբայանի վերադարձից հետո Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի մասին, Սեֆիլյանը նկատեց՝ դա շատ նման էր ամիսներ առաջ ավտոերթով Ղարաբաղ ուղևորվող «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչների նկատմամբ Բերձորում իրականացված բռնությանը:

Ընդդիմադիր գործիչը նաև վերահաստատեց նախկինում արած իր այն հայտարարությունը, թե իշխանության անհրաժեշտ աջակցության դեպքում՝ պատրաստ է մի խումբ ազատամարտիկների հետ ռազմական գործողությամբ հետ վերցնել ապրիլյան պատերազմի օրերին կորսված տարածքները: «Պարզ է, որ մենք երբեք չենք հրաժարվելու մեր միտումից, մենք շատ լավ հասկանում ենք, որ ապրիլյան օրերին կորցրած տարածքներն ամեն օր որ մնում են հակառակորդի ձեռքում, դա բարոյալքում է մեր բանակը և մեր ժողովուրդը»,- ասաց Սեֆիլյանը:

XS
SM
MD
LG