Մատչելիության հղումներ

ՎԶԵԲ-ը 23,5 միլիոն եվրո կհատկացնի Գյումրիի փողոցների բարեկարգմանը


Գյումրիի անբարեկարգ փողոցներից մեկը, արխիվ

Գյումրիի անբարեկարգ փողոցներից մեկը, արխիվ

Քաղաքի բոլոր քարուքանդ փողոցները հիմնանորոգելու համար կպահանջվի շուրջ 100 մլն դոլար:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 23,5 մլն եվրո է տրամադրելու Գյումրիի փողոցների բարեկարգման համար: Լոնդոնից բանկի ներկայացուցիչ Մաթեո Փրիչարդը եկել էր իր աչքով տեսնելու Գյումրիի փողոցների վիճակը, նաև քաղաքային իշխանությունների հետ քննարկելու ծրագրի հետ կապված հարցեր: Հիմա վարկային այս համաձայնագիրն արդեն հասել է օրենսդիր մարմին, դրա հաստատումից հետո անցկացվելու է շինարարի ընտրության միջազգային մրցույթ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը բարձրացրեց ասֆալտի շերտի հաստության հարցը՝ առաջարկելով այն մի քանի սմ-ով պակասեցնել ու փոխարենը մոտ 6 կմ ավելի ճանապարհ ասֆալտապատել:

«Էստեղ մենք մի խնդիր ունենք, փորձագետների տված եզրակացությունը, կապված մեր կլիմայի հետ՝ 22 սմ հաստություն են տվել, բայց ես կուզենայի, որպեսզի էդ հաստության իջեցման հաշվին մոտ 6 կմ ավել ասֆալտ անել: Դա հնարավոր է, որովհետև մենք հիմա որ ջուր ենք անցկացնում, տեսնում ենք, որ 15 սանտիմետր ասֆալտն արել են մոտ քսան-երեսուն տարի առաջ և դիմացել է էս կլիմային»,- ասաց Բալասանյանը:

Ըստ ՎԶԵԲ-ի գլխավոր բանկիր Անժելա Սաքսի, արդեն 9 տարի է, որ բանկը Հայաստանում սկսել է ծրագրեր իրականացնել: Դրանցից երկուսը հաջողությամբ ավարտվել է, մեկն էլ ավարտման փուլում է: Փողոցների բարեկարգման ծրագիրն առաջինն է, որ բանկն իրականացնելու է մարզում: «Այսքան ժամանակ աշխատել ենք միայն Երևանում: Հաշվի առնելով Գյումրիի պահանջները՝ ինչ խնդիրներ ունեն ենթակառուցվածքների հետ կապված, նաև կառավարության աջակցությունը ծրագրին և Գյումրիի քաղաքապետարանի նվիրվածությունը, հույս ունենք, որ ծրագիրն առաջ կգնա»,- ասաց ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը:

Նախատեսվում է, որ ծրագրի շրջանակներում 3 տարվա ընթացքում Գյումրիում կհիմնանորոգվի շուրջ 16 կմ ճանապարհ, փողոցներն էլ խնայողական լամպերով կլուսավորվեն: Իսկ քաղաքի բոլոր քարուքանդ փողոցները հիմնանորոգելու համար, ըստ մասնագետների, կպահանջվի շուրջ 100 մլն դոլար:

Ճանապարհաշինությունը, ըստ որոշ փորձագետների, համարվում է ամենաշատ, այսպես կոչված՝ «ատկատների» ոլորտ: Բանկի ներկայացուցիչներից հետաքրքվեցինք՝ ինչպե՞ս են վերահսկելու, որ գումարները չփոշիանան ու որակյալ շինարարութուն իրականացվի:

ՎԶԵԲ գլխավոր բանկիր Անժելա Սաքսն այսպես պատասխանեց՝ «Բանկն ունի մեծ գրասենյակ, աշխատողները 3 ամիսը մեկ անգամ, կամ կես տարին մեկ անգամ միշտ վերահսկողություն են իրականացնում: Դա երբեք չի դադարում, եթե անհրաժեշտ է՝ դա անգամ օրական բնույթ կարող է կրել, ողջ գնումներն արվում են Եվրոպական բանկի ստանդարտներով, ուղեցույցով, ծրագրին մասնակցում են ոչ միայն տեղական աշխատողները, այլ նաև լոնդոնյան գրասենյակի, մի հսկայական խումբ․․․»:

Հնարավո՞ր է, որ բանկը դադարեցնի ֆինանսավորումը, եթե խախտվեն ծրագրի համար սահմանված չափորոշիչները: Այս հարցին էլ ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը հետևյալ պատասխանը տվեց՝ «Բանկը և՛ կառավարության, և՛ քաղաքապետարանի հետ մի քանի իրավաբանական պայմանագրեր է ստորագրել: Դրանք բավականին ծավալուն են, էնտեղ կան մեծ պարտավորություններ՝ կապված և՛ ստուգման, և՛ հաշվետվության հետ: Բանկն ունի իր լծակներն ու միջոցները՝ հետևելու բոլոր աշխատանքներին»:

Մաթեո Փրիչարդին հարց ուղղեցինք՝ ե՞րբ տեղ կհասնի առաջին տրանշը: «Մրցույթ է հայտարարվելու, որպեսզի հայտեր ներկայացնեն: Եվ երբ արդեն հայտերի գնահատումն անցկացվի, դրանից հետո շատ արագ առաջին տրանշը կհատկացվի, իսկ շինարարի մրցույթի գործընթացը կսկսվի հաջորդ տարվա սկզբին»,- պատասխանեց Փրիչարդը:

Այս տարի կընտրվեն ծրագրի խորհրդատուները: Ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատանքային խումբը, նախնական պայմանավորվածությամբ,Գյումրիում է գործելու: Մաթեո Փրիչարդը հավելեց՝ բանկի Լոնդոնի գրասենյակը վերահսկելու է ողջ գործընթացը:

XS
SM
MD
LG