Մատչելիության հղումներ

Վաղը կվերաբացվի Երևանի Կասյան փողոցի վերին հատվածում գտնվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:

Գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվող տոնավաճառին մասնակցելու են Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ` սպառողներին ներկայացնելով բացառապես սեփական արտադրանքը:

Գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը իր հաղորդագրությունում նշում է, որ գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է, մասնակիցներին անվճար տրամադրվելու են հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ: Տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվելու է վերահսկողություն: Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորում է ոստիկանությունը:

Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից: Անցած տարի Կասյան փողոցի վերին հատվածում կազմակերպվել է 63, իսկ «Մալիբու» սրճարանին հարող տարածքում` 51 տոնավաճառ, որոնց մասնակցել է շուրջ 15 հազար գյուղացիական տնտեսություն:

XS
SM
MD
LG