Մատչելիության հղումներ

Արա Բուդաղյանի կալանքի որոշումը վերացվել է


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ պատվիրելու մեղադրանքով կալանավորված Արա Բուդաղյան նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատախազի որոշմամբ վերացվել է, Վիտալի Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ: Այդ մասին այսօր հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը:

«2016 թվականի հունիսի 1-ի որոշմամբ Ս. Խաչատրյանին, Ա. Ղևոնդյանին և Մ. Գրիգորյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից նախաքննական մարմինը Հ. Ավագյանի նկատմամբ անջատել է N քրեական գործը և փոփոխել մեղադրանքը, և որոշումն ուղարկվել է դատախազին: Նկատի ունենալով, որ Հ. Ավագյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է դատավարական նորմերի պահանջների խախտմամբ, դատախազի կողմից քննիչին տրվել է ցուցում՝անջատված քրեական գործը մայր գործին միացնելու մասին որոշում կայացնելու և միևնույն հանցագործությանը մասնակցելու մեջ մեղադրվող անձանց արարքներին մեկ վարույթի շրջանակներում պատշաճ իրավաբանական գնահատական տալու վերաբերյալ: Տրված ցուցումների կատարման արդյունքում՝ նշված գործերը միացվել են մեկ վարույթում և հունիսի 10-ին որոշումներ են կայացվել սպանության փորձի կատարմանը մասնակցելու համար Ա․ Բուդաղյանի և Վ․ Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին», - ասված է դատախազության հաղորդագրությունում:

Դատախազի նույն օրը կայացրած որոշումներով՝ Արա Բուդաղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, իսկ Վիտալի Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

Որոշումների պատճեններն ուղարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, նախաքննության մարմնին, Բուդաղյանին և Մինասյանին:

Հիշեցնենք՝ անցյալ տարվա մայիսի 20-ին հայտարարվեց, որ Կապան - Գորիս ավտոճանապարհին կրակահերթեր են արձակվել Սյունիքի մարզպետի ավտոմեքենայի վրա, որում այդ պահին եղել են Սուրիկ Խաչատրյանը, նրա օգնականը և վարորդը: Նախ գործը քննում էր Քննչական կոմիտեն, հետո գլխավոր դատախազը պահանջեց նյութերը, ուսումնասիրեց, գործն ուղարկեց Ազգային անվտանգության ծառայություն, ինչից անմիջապես հետո՝ դեպքից մեկուկես ամիս անց, կալանավորվեցին Արա Բուդաղյանն ու երեք այլ անձինք: Բուդաղյանը կալանավորվեց մահափորձը պատվիրելու, Հենրիկ Ավագյանը՝ այն իրականացնելու, Գարեն Աթաջանյանն ու Վիտալի Մինասյանը՝ մահափորձին աջակցելու մեղադրանքներով։

Արա Բուդաղյանը Սուրիկ Խաչատրյանի տան մոտ երկու տարի առաջ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG