Մատչելիության հղումներ

Սյուզան Ռայս․ Հնարավոր է Ուկրաինայի հակամարտության լուծումը մինչև տարեվերջ


Սյուզան Ռայս, արխիվ

Սյուզան Ռայս, արխիվ

Սպիտակ տունը ջանքեր է գործադրում մինչև ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին Բարաք Օբամայի հրաժեշտ տալը Ուկրաինայի արևելքում հակամարտության հարցով համաձայնության իրականացմանը հասնելու համար: Այդ մասին երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Սյուզան Ռայսը:

Թեև Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ վերջերս անցկացված բանակցությունները անարդյունավետ են, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպանը, ով այժմ Սպիտակ տանը համակարգում է արտաքին քաղաքականության հարցերը, ասել է, որ մինչև տարեվերջ խնդրի լուծման ներուժ է տեսնում:

Նա նշել է, որ ամերիկացի պաշտոնյաները ֆրանսիացի և գերմանացի գործընկերների հետ միասին ինտենսիվացնում են ջանքերը՝ համոզելու երկու պետություններին կատարել 2015 թվականի փետրվարին Մինսկում ձեռք բերված համաձայնությունները:

«Ինչ-որ բան կարելի է անել մինչև վարչակազմի լիազորությունների ավարտը, եթե հատկապես ռուսները բավականաչափ քաղաքական կամք դրսևորեն», - ասել է Ռայսը:

Բարաք Օբաման, հիշեցնենք, ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը կթողնի 2017-ի հունվարի 20-ին:

XS
SM
MD
LG