Մատչելիության հղումներ

Այսօր մեկնարկում է Եվրո-2016-ը


Ֆուտբոլի Եվրոպայի այս առաջնությանը մասնակցում են ռեկորդային թվով՝ 24 հավաքականներ:

Այսօր Փարիզում Ֆրանսիա-Ռումինիա հանդիպումով սկսվում է ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը:

Խաղերն անցկացվելու են Փարիզի, Բորդոյի, Լիլի, Լիոնի, Մարսելի, Նիսի, Սեն Դենիի, Սենթ Էթիենի և Թուլուզի մարզադաշտերում:

Գործող չեմպիոնը Իսպանիայի հավաքականն է, որը հաջողության է հասել Եվրոպայի 2008 և 2012 թվականների առաջնություններում:

Սա կլինի Ֆրանսիայում անցկացվող Եվրոպայի ֆուտբոլի արդեն երրորդ առաջնությունը: Առաջին անգամ Ֆրանսիան 1960 թվականին է հյուրընկալել մրցաշարը, որը Եվրոպայի ֆուտբոլի պատմության ընթացքում ընդհանրապես առաջինն էր: Այն ժամանակ Հին Աշխարհամասի չեմպիոն է դարձել Խորհրդային Միության հավաքականը: Երկրորդ անգամ ֆրանսիացիները առաջնությունն անցկացրել են 1984-ին և հենց իրենք էլ չեմպիոն են դարձել: Ֆրանսիան ևս մեկ անգամ էլ առաջին տեղը գրավել է 2000 թվականին:

2016-ի առաջնության փուլային մրցաշարին մասնակցում է 24 հավաքական: Դա էլ ռեկորդ է, քանի որ մինչ այդ երբևէ այդքան հավաքականներ չեն մասնակցել Եվրոպայի առաջնությանը:

Ի դեպ, 1960 թվականին մասնակիցների թիվն ընդամենը 4-ն էր, 1980-ին այն հասցվել է 8-ի, 1992-ին կրկնապատկվել և դարձել է 16:

Այս տարվա առաջնության համար կազմվել է 6 խումբ, յուրաքանչյուրում ընդգրկվել է 4-ական հավաքական:

Մեկնաբանների կարծիքով՝ այս տարի հաղթելու լավ հնարավորություններ ունեն Հին Աշխարհամասի «ծանրքաշայինները»՝ գործող չեմպիոն Իսպանիան և աշխարհի չեմպիոն Գերմանիան: Այդ երկու թիմերը երեքական անգամ են դարձել Եվրոպայի չեմպիոն:

Մասնագետները գովեստով են խոսում նաև տանտերերի հավակնոտ թիմի մասին:

Ինչպես միշտ, հզոր թիմերի թվին են դասվում Իտալիան և Անգլիան:

Համաշխարհային մակարդակի գերաստղեր կան Պորտուգալիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Ուելսի և այլ երկրների հավաքականներում, սակայն եթե մնացած օղակները հուսալի չեն, մեկ-երկու լիդերներ այսօր չեն կարող վերջնական հաղթանակ ապահովել:

Հունիսի 25-27-ը տեղի կունենա խմբային փուլը հաղթահարած 16 թիմերի մրցափուլը: Հուլիսի 1-3-ը քառորդ եզրափակիչի հանդիպումներն են, կիսաեզրափակիչի երկու հանդիպումները տեղի կունենան հուլիսի 6-ին և 7-ին, երրորդ տեղի համար առանձին խաղ չի լինի:

Կիսաեզրափակիչի հաղթողները հուլիսի 10-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG