Մատչելիության հղումներ

Շարմազանով. ՀՕՊ համաձայնագրով կողմերը պահպանում են իրենց ինքնիշխանությունը


Էդուարդ Շարմազանով, արխիվ

Էդուարդ Շարմազանով, արխիվ

ՀՀԿ խոսնակի հավաստմամբ՝ հայ-ռուսական այդ համաձայնագիրը որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ։

Ըստ Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովի, դժվար թե գրագետ մարդը կարդա Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի տեքստը և նրա մոտ մտավախություն առաջանա, որ Հայաստանի Հանրապետությունը, Զինված ուժերը իր ինքնիշխանության մի մասը կամ հակաօդային պաշտպանությունը տալիս է այլ երկրի, թեկուզ՝ դաշնակից երկրի, կառավարմանը։

Հինգշաբթի օրը Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց՝ եթե Բելառուսը և Ղազախստանը Ռուսաստանի հետ կնքել են միասնական համակարգի համաձայնագիր, որտեղ կա մեկ միասնական ղեկավարում, ապա Հայաստանը և Ռուսաստանը կնքել են միավորված համակարգի համաձայնագիր։

«Միավորված՝ նշանակում է, որ կողմերը պահպանում են իրենց ինքնիշխանությունը։ Բոլոր այն կարծիքները, որ այս համաձայնագրով Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության կառավարումն անցնում է մեր դաշնակից Ռուսաստանին կամ պետք է արվի նրա հետ համատեղ, իրականությանը չեն համապատասխանում։ Սա ոչ թե միասնական, այլ միավորված ՀՕՊ համակարգ է, որտեղ մեր Զինված ուժերի ՀՕՊ-ը պահպանում է լրիվ իր ինքնուրույնությունը», - ասաց ՀՀԿ խոսնակը։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն «Ազատության» հետ զրույցում մտահոգիչ էր համարել այն փաստը, որ ավելանում է Ռուսաստանի մասնակցությունը Հայաստանի համար առանցքային որոշումներ կայացնելու գործում՝ հատկապես ապրիլյան զարգացումներից հետո։ «Ադրբեջանը սպառնալիք է Հայաստանի համար, իսկ Հայաստանի դաշնակից համարվող պետությունը՝ Ռուսաստանը, այդ սպառնալիքը դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր։ Այսինքն՝ այստեղ առաջանում է շահերի լրջագույն հակասություն և առնվազն առաջանում են հարցեր՝ ինչպե՞ս է լուծվելու խնդիրը, երբ որ այս երկու երկրները՝ Հայաստանն ու Ռուսաստանը հավասար մասնակցություն են ունենալու այս սպառնալիքին։ Մեր դեպքում սպառնալիքի, Ռուսաստանի դեպքում՝ ռազմավարական երկարաժամկետ շահին արձագանքելու հարցում», - ասաց Բադալյանը։

Շարմազանովը երեկ ընդգծեց, որ այս համաձայնագիրը որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ։ «Շատ է խոսվում Արցախի հետ կապված։ Պաշտոնապես հայտարարում եմ՝ այս համաձայնագրում որևէ տառ, բառ, ստորակետ, չակերտ կամ այլ կետադրական նշան չկա, որը կապված է Արցախի հետ։ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Զինված ուժերի ՀՕՊ համակարգերում որևէ սահմանափակում չկա։ Եվ այս համաձայնագիրը դրա հետ որևէ կապ չունի»», - ասաց ՀՀԿ խոսնակը։

Միավորված ՀՕՊ համակարգը, ըստ Շարմազանովի, հնարավորություն է տալիս Հայաստանին՝ օգտվել դաշնակից Ռուսաստանի հակաօդային համակարգի լայն հնարավորություններից, այն հնարավորությունը, որը Հայաստանը չունի։

«Խնդիրը գնում է միայն պատերազմական գործողությունների մասին, որտեղ կլինի միավորված կառավարում։ Խաղաղ պայմաններում ամբողջությամբ կառավարումը իրականացվում է ազգային ստորաբաժանումների կողմից, այսինքն՝ ռուսական կողմը ենթարկվում է ռուսական կողմին, հայկական կողմը ենթարկվում է հայկական կողմին», - ասաց Հայաստանի իշխող կուսակցության խոսնակը։

XS
SM
MD
LG