Մատչելիության հղումներ

Armphone-ի արտադրողները գոհ են առաջին արդյունքներից 


 Armphone, հայկական արտադրության խելացի հեռախոսներ
Armphone, հայկական արտադրության խելացի հեռախոսներ

Ըստ TSD ընկերության, 3 օրվա ընթացքում հայկական հեռախոսներն արդեն հասցրել են մեծ պահանջարկ ձեռք բերել:

Հայաստանն այսուհետ միջազգային շուկայում կներկայանա նաև որպես «սմարթֆոն» արտադրող երկիր: Արդեն երեք օր է, ինչ վաճառքում են հայկական արտադրության Armphone խելացի հեռախոսները: «Սմարթֆոնների» և պլանշետների արտադրությամբ զբաղվող TSD ընկերության ներկայացուցիչների պնդմամբ՝ Armphone-ը թե՛ որակով, թե՛ մատչելիությամբ չի զիջում աշխարհահռչակ բրենդներին:

«Շատ արձագանքներ ենք ստացել, գնորդներն էլ, ովքեր գնել են, ասում են՝ իրոք, ոչնչով չի զիջում «Այֆոնին» կամ «Սամսունգին»: Դա արդեն մեզ համար բարձր գնահատական է»,- ասում է TSD ընկերության նախագծերի ղեկավար Արփինե Ամիրյանը:

«Անդրոիդ» օպերացիոն համակարգով գործող Armphone-ը շուկա է մտել հինգ մոդելով, ըստ հզորության և դիզայնի՝ հեռախոսների գները տատանվում են 51-ից 151 հազար դրամի սահմաններում: TSD ընկերության ներկայացուցիչ Արփինե Ամիրյանի խոսքով՝ իրենք Հայաստանում իրականացնում են հեռախոսների ծրագրային ապահովումը, դիզայնի նախագծումը, վերջնական թեստավորումն ու հավաքումը, սակայն անհրաժեշտ բոլոր մասերը ներկրվում են: Մասերի պատվերները հիմնականում կատարվում են Հոնկոնգում, Թայվանում, Չինաստանի Շենժեն քաղաքում: Նույնիսկ ամենահայտնի բրենդների պատվերներն են «հիմնականում» կատարվում Շենժենում, որովհետև, ըստ Ամիրյանի, այլ վայրերում գործնականում հնարավոր չէ իրականացնել նման չիպերի ու միկրոսխեմաների արտադրությունը:

Արտադրողը հեռախոսներում հատուկ կարևորություն է տվել ազգային տարրերին․ Armphone-ում կարելի է գտնել Կոմիտասի մեղեդիները, հատուկ հավելվածի միջոցով ծանոթանալ, օրինակ, Սայաթ-Նովայի գործունեությանը: Ըստ արտադրող ընկերության ներկայացուցչի, իրենք խնդիր են դրել՝ բարձր տեխնոլոգիաների զարգացմամբ նոր աշխատատեղեր ստեղծել, ինչպես նաև՝ հեռախոսների միջոցով Հայաստանն ավելի ճանաչելի դարձնել:

Երեք օրվա ընթացքում հայկական հեռախոսներն արդեն հասցրել են մեծ պահանջարկ ձեռք բերել: Ընկերությունը, սակայն, չի բացահայտում, թե որքան հեռախոս է վաճառել՝ դա համարելով առևտրային գաղտնիք: Armphone-ի տաղավարի մոտ գրեթե բոլոր այցելուներն այսօր «Ազատությանն» ասում էին, որ եկել են աջակցելու հայկական արտադրողին: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանն անտեղի է համարում քննադատությունը, թե Հայաստանում չարտադրված մասնիկներով ապրանքը լիովին հայաստանյան չէ:

«Եթե Չինաստանը կարողանում է ինձ արագ մասերը մատակարարել, ես էլ արագ հավաքում ու վաճառում եմ, ինձ համար դա օքեյ է: Ես կարիք չունեմ՝ նստեմ էդ չիպերի գործարանն ինքս սարքեմ, երբ ամեն մի չիպի գործարանի գինը սկսվում է 1 միլիարդ դոլարից: Դա ինչի՞ համար է պետք անել»,- հարց է տալիս Կարեն Վարդանյանը:

Հայկական «սմարթֆոնի» առաջին գնորդներից է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը: Երկու օր ամենաթանկ տեսակի Armphone-ը օգտագործելուց հետո նա մատնանշում է միայն մեկ թերություն՝ «Մարտկոցը մի քիչ ավելի թույլ է, քան կարող էր լինել»: Ըստ տնտեսագետի՝ հայկական խելացի հեռախոսների արտադրությունը կարող է կոտրել կարծրատիպը, թե նման մրցակցային ոլորտներում հայկական արտադրանքը հաջողակ լինել չի կարող: Այդուհանդերձ, Առաքելյանի կարծիքով՝ Armphone-ի համար միջազգային շուկայում բավականին դժվար է լինելու, հաշվի առնելով, որ հիմնական մրցակիցները չինական սմարթֆոններն են:

«Մի շարք չինական ընկերություններ կարող են, ասենք, օրական մի քանի միլիոնի արտադրանք տալ և մասշտաբի էֆեկտի հաշվին կարող են նույնիսկ Հայաստան հասնող իրենց հեռախոսների համար ունենալ շատ ավելի ցածր գին, քան մեր հեռախոսներն են»,- ասում է տնտեսագետը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանն առաջին հերթին կարևոր է համարում այն, որ էլեկտրատեխնիկայի արտադրական փորձառություն է ստեղծվում Հայաստանում: Վարդանյանը կարևորում է հայկական արտադրությանը հնարավորինս աջակցելը: «Նրանք հարկերը մուծել են Հայաստանում, նրանք աշխատատեղեր են ստեղծել, և նրանց օգնելով՝ ես օգնում են ինձ»,- ասում է Կարեն Վարդանյանը:

Armphone-ի հեղինակներն ասում են, որ առաջիկայում հայկական հեռախոսները կներկայացվեն նաև միջազգային շուկայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG