Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն տվեց ՎԶԵԲ-ի հետ վարկային երկու համաձայնագրի


ՎԶԵԲ-ի լոգոն
ՎԶԵԲ-ի լոգոն

Կառավարությունը այսօր հավանություն է տվել Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶԵԲ) միջև փետրվարի 23-ին ստորագրված «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» վարկային համաձայնագրին:

Ըստ հիմնավորման, 55 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի նպատակն է բարելավել ենթակառուցվածքային ծառայությունները և ինստիտուցիոնալ կարողությունները: Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից և բաղադրիչներից՝ ժառանգության հանգույցի վերականգնում և զբոսաշրջային երթուղու մշակում, որի ներքո նախատեսվում է Գորիսի և Մեղրու հին քաղաքներում և ժառանգություն հանդիսացող Արենու, Տաթևի և Տանձաթափի գյուղերում քաղաքային վերականգնողական միջոցառումների համար ծրագրին մասնակից շահառուների ներդրումային ենթածրագրի ֆինանսավորում` դրամաշնորհային հիմունքներով` ներառյալ, սակայն չսահմանափակվելով հանրային ենթակառուցվածքի, շենքերի ճակատային հատվածների և տանիքների, հանրային տարածքների, թանգարանների, մոտեցնող ճանապարհների, ջրի/կոյուղու և փողոցային լուսավորության վերականգնումը, Գառնու տաճարի և կիրճի, Գեղարդավանքի, Խոր Վիրապի վանքի, Արենու շուկայի և քարանձավի, Մոզրովի քարանձավի, Եղեգիսի, Զորաց քարերի (Քարահունջ), Խնձորեսկի, Հաղպատի և Սանահինի մշակութային ժառանգության պահպանության և տեղական կառավարման միջոցառումների բարելավման նպատակով ծրագրի մասնակից շահառուների ներդրումային ենթածրագրի ֆինանսավորում` դրամաշնորհային հիմունքներով:

Կառավարության հավանությանն է արժանացել նաև ՎԶԵԲ-ի հետ ապրիլի 5-ին ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Հիմնավորման համաձայն՝ 5.5 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին` բարելավելու կոշտ թափոնների կառավարումը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Ծրագրի ներդրումային բաղադրիչների մեջ, մասնավորապես, ներառված են` թափոնների հավաքման բեռնատարները, թափոնների համար կոնտեյներները/արկղները, թափոնների հավաքման նոր կետերը, նոր աղբավայրի կառուցումը (ներառյալ շինություններն ու կառույցները), աղբավայրի աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումները, փոխանցման կայանների շինարարությունը: Վերոնշյալ վարկային միջոցներից 3.5 միլիոն եվրոն նախատեսված է Կոտայքի մարզի և 2 միլիոն եվրոն` Գեղարքունիքի մարզի համար: Վարկային միջոցները կտրամադրվեն, համապատասխանաբար, երկու մասնաբաժիններով, ասված է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG