Մատչելիության հղումներ

DPA. ԵՄ 4 երկրներ արգելափակում են Վրաստանի հետ վիզային համաձայնագրի վավերացման գործընթացը


Եվրամիության և Վրաստանի դրոշները Թբիլիսիի ռեստորաններից մեկում, արխիվ
Եվրամիության և Վրաստանի դրոշները Թբիլիսիի ռեստորաններից մեկում, արխիվ

Գերմանական լրատվամիջոցները, Բրյուսելում աշխատող դիվանագետներին վկայակոչելով, պնդում են, որ եվրոպական միանգամից չորս պետություններ` Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Բելգիան, արգելափակում են Եվրամիություն-Վրաստան վիզային համաձայնագրի վավերացումը: Չորեքշաբթի երեկոյան այս մասին հաղորդել է գերմանական DPA գործակալությունը:

EU Observer-ի տեղեկություններով՝ չորեքշաբթի երեկոյան Եվրամիության դեսպանների նիստի ժամանակ հենց այս պետությունների ներկայացուցիչների ճնշման ներքո է, որ որոշում է կայացվել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի սահմանման հարցը չընդգրկել դաշինքի անդամ պետությունների ներքին գործերի նախարարների գագաթնաժողովի օրակարգում:

Նախապես ծրագրվում էր, որ Վրաստանի քաղաքացիներին 90 օրով ազատորեն Շենգենյան գոտի մուտք գործելու հնարավորություն տրամադրելու հարցը ԵՄ ներքին գործերի նախարարները կքննարկեն հունիսի 10-ին: Գերմանական աղբյուրների տեղեկություններով, սակայն, Եվրամիության ղեկավարությունը մտավախություն ունի, որ Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի սահմանումը կարող է նպաստել այդ երկրում գործող հանցավոր խմբերի անդամների անարգել մուտքին Եվրամիության տարածք: «Բացի այդ, Բեռլինում նշում են, որ Վրաստանի քաղաքացիները բավական մեծ թիվ են կազմում Գերմանիայում ապաստան հայցողների շարքում», - հաղորդում է DPA գործակալությունը` մեջբերելով նաև Բրյուսելում աշխատող դիվանագետներից մեկի խոսքը, ով չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը:

«Գերմանիայի և Ֆրանսիայի պահանջը հատուկ մեխանիզմի մշակումն է, որը չարաշահումների ի հայտ գալու կամ ներգաղթի ծավալների աճի դեպքում հնարավորություն կտա Եվրամիությանը հրաժարվել ազատ վիզային ռեժիմից: Բեռլինը և Փարիզը ցանկանում են, որպեսզի այդ ծրագիրը հաստատվի մինչև Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ հաստատելու մասին համաձայնագրի վավերացումը», - նշել է եվրոպացի դիվանագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG