Մատչելիության հղումներ

Տնտեսվարող սուբյեկտների ստուգումների արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ


Կառավարության նիստ, արխիվ

Կառավարության նիստ, արխիվ

Տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը խթանելու և նրանց աջակցելու նպատակով, կառավարությունը այսօր փոփոխություններ և լրացում է կատարել 2015 թվականի հուլիսի 30-ի համապատասխան որոշման մեջ՝ առաջարկելով ստուգումների իրականացման արգելքի ժամկետը երկարաձգել՝ 2016-ի հուլիսի 1-ի փոխարեն սահմանելով մինչև դեկտեմբերի 31-ը:

Միաժամանակ, կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, որոշմամբ նախատեսվում է թույլատրել գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված և բարձր ռիսկային խմբում գտնվող սուբյեկտների մոտ համապատասխան ստուգաթերթերի հիման վրա իրականացնել ստուգումներ հետևյալ ոլորտներում՝ հանրային սննդի կազմակերպում, մսամթերքի արտադրություն, կաթնամթերքի արտադրություն, կրեմային հրուշակեղենի արտադրություն, ոչ կենդանական ծագման մթերքների և խոհարարական արտադրանք, ձկնամթերքի արտադրություն:

Կառավարության անցած տարվա հուլիսի 30-ի որոշմամբ սահմանված է, որ 2015-ի օգոստոսի 1-ից օրենքով սահմանված պետական մարմինները ստուգումներ կարող են իրականացնել միայն` պետական կառավարչական հիմնարկներում, ՊՈԱԿ-ներում, ՀՈԱԿ-ներում, 100 տոկոս պետական կամ համայնքային բաժնեմասով ՓԲԸ-ներում, Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում, տնտեսվարող սուբյեկտների գրավոր դիմումի հիման վրա, մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների սննդի կազմակերպման նկատմամբ իրականացվող ստուգումների, հանրային անվտանգության, անձանց իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովման դեպքերում՝ միայն վարչապետի գրավոր համաձայնությամբ, որոշման հավելվածով հաստատված տեսչությունների ստուգումների ստուգաթերթերով` ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված և բարձր ռիսկային խմբում գտնվող սուբյեկտների մոտ:

XS
SM
MD
LG