Մատչելիության հղումներ

ԱԱԾ. Հայտնաբերվել է հազարից ավելի տեխզննման կեղծ կտրոն, հարուցվել է քրգործ


Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկացնում է, որ բացահայտվել է կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման հանցավոր գործողությունների շարք:

«Երևանում, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերում, բազմաթիվ քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, ապրիլի 20-ին Երևանի տեխզննման կետերում, առանձին համայնքների վարչական շենքերի վարձակալված սենյակներում, որոշ քաղաքացիների բնակարաններում կատարված թվով 19 միաժամանակյա խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է տեխնիկական զննության հազարից ավելի կեղծ կտրոն, գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ», - ասված է հաղորդագրությունում։

ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված լրացուցիչ տվյալների հիման վրա հայտնաբերվել է նաև տպարանը, որտեղ պատրաստվել են տեխզննման կեղծ կտրոնները:

«Հարուցված քրեական գործով ինը անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից ութի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք է կիրառվել: Միջոցներ են ձեռնարկվում իրացված կեղծ կտրոնների իրական թիվը և պատճառված վնասի չափը ճշտելու, ինչպես նաև հանցագործության բոլոր մասնակիցներին բացահայտելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների վաճառքը հետագայում բացառելու և դրա հետ կապված անհարկի քաշքշուկներից, նյութական կորուստներից քաղաքացիներին զերծ պահելու նպատակով, Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում ձեռնպահ մնալ տեխնիկական զննության կտրոնները համայնքների վարչական շենքերում վարձակալած սենյակներից, ապահովագրական ընկերությունների գրասենյակներից, տեխզննման կետերից, ինչպես նաև անհատներից գնելու արատավոր պրակտիկայից և հորդորում է սահմանված կարգով դրանք ձեռք բերել բացառապես Հայաստանի բանկերից:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

XS
SM
MD
LG