Մատչելիության հղումներ

Երբ ավելանում է Ռուսաստանի մասնակցությունը Հայաստանի համար առանցքային որոշումներ կայացնելու գործում, սա արդեն իսկ մտահոգիչ է, ասում է Հակոբ Բադալյանը։

Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագիրն, ըստ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի, ինքնին արդեն ենթադրում է իշխանության որոշակի զիջում։

«Սա աքսիոմատիկ ճշմարտություն է ցանկացած նման միավորումների դեպքում՝ լինի ռազմական, ռազմաքաղաքական, թե տնտեսական», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը։

Օրեր առաջ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագրին, որը կնքվել է նախորդ տարեվերջին:

Երեկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևանում ասուլիսի ժամանակ ասաց, որ դա բավականին բարդ փաստաթուղթ է, որն անցնում է համաձայնեցման բոլոր փուլերով, հիմա գտնվում է օրենսդիրների սեղանին և եթե հաստատվի, ուժի մեջ կմտնի։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև նշեց, որ ՀԱՊԿ շրջանակում նպատակ կա ստեղծել այդպիսի համակարգեր, արդեն կան ռուս-բելառուսական, ռուս-ղազախական, հիմա էլ ստեղծվում է ռուս-հայկական։ Նա նշեց, որ հետագայում առանձին այդ համակարգերը կմիավորվեն՝ դառնալով ՀԱՊԿ ամբողջական հակաօդային պաշտպանության համակարգ:

«Այստեղ ինչն է խնդիրը՝ մենք ունենք երկու հարթություն՝ պայմանագրայինը, որտեղ գուցե որևէ սարսափելի կամ վտանգավոր բան չկա, ինքնին բովանդակային առումով։ Բայց մենք ունենք, օրինակ, հայ-ռուսական պայմանագրերի բովանդակության մի օրինակ՝ Գյումրիի էդ սարսափելի ոճրագործության դեպքում, երբ հայ-ռուսական պայմանագիրն ասում էր, որ ռուս սահմանապահները սահմանախախտ հայտնաբերելու դեպքում պետք է նրան հանձնեն Հայաստանի իրավապահներին, բայց ռուս սահմանապահները, ի հեճուկս այդ հայ-ռուսական համաձայնագրի և պայմանագրի, նրան հանձնեցին, ի պահ տվեցին ռուսական զորամասին։ Այսինքն, կա պայմանագիր և կա լիովին այլ մի իրավիճակ, այլ իրողություն՝ դա հայ-ռուսական հարաբերության բնույթն է, որը նույնիսկ հարաբերություն էլ չէ, այլ ավելի շատ հիշեցնում է պարզապես տիրապետությունը Հայաստանի վրա», - ասաց վերլուծաբանը։

Այս պարագայում, ըստ Բադալյանի, երբ ավելանում է Ռուսաստանի մասնակցությունը Հայաստանի համար առանցքային որոշումներ կայացնելու գործում, սա արդեն իսկ մտահոգիչ է։ «Հատկապես մտահոգիչ է ապրիլյան զարգացումներից հետո, երբ մենք տեսանք դրան նախորդող Ռուսաստանի գործողությունները և դրա ընթացքում Ռուսաստանի գործողությունները», - ասաց վերլուծաբանը։

Ադրբեջանը սպառնալիք է Հայաստանի համար, իսկ Հայաստանի դաշնակից համարվող պետությունը՝ Ռուսաստանը, այդ սպառնալիքը դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր, ընդգծեց Բադալյանը:

«Այսինքն՝ այստեղ առաջանում է շահերի լրջագույն հակասություն և առնվազն առաջանում են հարցեր՝ ինչպե՞ս է լուծվելու խնդիրը, երբ որ այս երկու երկրները՝ Հայաստանն ու Ռուսաստանը հավասար մասնակցություն են ունենալու այս սպառնալիքին։ Մեր դեպքում սպառնալիքի, Ռուսաստանի դեպքում՝ ռազմավարական երկարաժամկետ շահին արձագանքելու հարցում։ Այս պայմաններում, մեղմ ասած, մտահոգիչ և խնդրահարույց է, երբ ստեղծվում է միասնական ՀՕՊ համակարգ և ավելանում է Ռուսաստանի մասնակցության աստիճանը Հայաստանի անվտանգության համար որոշումների կայացման գործում», - ասաց Հակոբ Բադալյանը։

Խնդիրն ունի նաև քաղաքական էական նշանակություն, նշեց վերլուծաբանը՝ հավելելով, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը կարիք ունի աշխարհին ներկայանալ որպես ինքնիշխան որոշումներ կայացնելու ունակ պետություն։

«Բայց մենք ստանում ենք մի հակառակ օրինակ, օրակարգային հակառակ հարց՝ հերթական անգամ ի ցույց է դրվում, որ Հայաստանն ի վիճակի չէ ինքնիշխան որոշումներ կայացնելու և գտնվում է ընդամենը ռուսական կայսերական նախագծերի ազդեցության տակ, իսկ որ դա կայսերական նախագիծ է, կարծում եմ, որևէ մեկի մոտ կասկած չկա», - ընդգծեց Բադալյանը։

XS
SM
MD
LG