Մատչելիության հղումներ

Զեման․ Ցեղասպանությունը ժխտողները վախկոտներ են


Հայոց ցեղասպանությունը, ինչպես և հրեաների Հոլոքոսթը ժխտողները պարզապես վախկոտներ են: Այդ մասին հայտարարել է պետական այցով Երևանում գտնվող Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը երեկ Հայաստանի նախագահի նստավայրում իր պատվին տրված ընդունելության ժամանակ:

«Այսօր ճաշից հետո մի չեխ երիտասարդ լրագրող, ով ոչ բավականաչափ կյանքի փորձ ունի, ինձ հարցրեց, թե որտե՞ղ է ավարտվում ցեղասպանության սահմանը: Ես նրան պատասխանեցի՝ իմ երիտասարդ ընկեր, ես մեկ օրինակ եմ բերում՝ Եվրոպայում Համաշխարհային պատերազմի ժամանակ համակենտրոնացման ճամբարներում, գազային խցերում և այլն սպանվել է 6 միլիոն հրեա, բայց մի քանի հազար, հնարավոր է մի քանի տասնյակ հազար մնացել են: Եվ դուք ուզում եք ասել, որ դա ցեղասպանություն չէ՞, քանի որ մի քանի հազար մարդ մնացե՞լ է», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Զեմանը և շարունակել․ - «Նույն բանը վերաբերում է հայ ժողովրդի ցեղասպանությանը: Որոշ մարդիկ ասում են՝ որոշները մնացել են, դա ցեղասպանություն չէ: Իսկական անհեթեթություն: <...> Մեզ միավորում է ճակատագիրը, քանի որ իմ ժողովուրդը դատապարտված կլիներ ցեղասպանության՝ նացիստական Գերմանիայի կողմից Համաշխարհային պատերազմում հաղթանակի դեպքում»:

Նրանք, ովքեր ժխտում են այդ ցեղասպանությունը, հենց նրանք են, ովքեր ժխտում են Հոլոքոսթը, մարդիկ, ովքեր դա ժխտում են, պարզապես վախկոտներ են, շեշտել է Չեխիայի նախագահը: «Ես երբեք, պարո՛ն Նախագահ, սիրալիր քաղաքական գործիչ չեմ եղել: Նրանք պարզապես վախկոտներ են: Խոսում են մարդու իրավունքների մասին. որոշ մարդկանց համար մարդու ամենագլխավոր իրավունքը ցույց անելն է կառավարության դեմ: Իմ դեմ էլ են ցույց արել, այլ գործիչների դեմ էլ, դա նորմալ է: Բայց դա մարդու ամենագլխավոր իրավունքը չէ: Մարդու ամենագլխավոր իրավունքը՝ կյանքի իրավունքն է: Եվ բոլոր նրանք, ովքեր ժխտում են այդ իրավունքը, ոչ մի իրավունք չունեն խոսել մարդու այլ իրավունքների մասին: Ես ցանկանում եմ բաժակ բարձրացնել կյանքի իրավունքի համար», - իր բաժակաճառում ասել է Միլոշ Զեմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG