Մատչելիության հղումներ

Ամուսինը պնդում է, որ նախկին կնոջը սպանել է թուրքի հետ հանդիպելու համար


Դանակի 30 հարվածներով իր նախկին կնոջը՝ Հեղինե Դարբազյանին սպանած Արտակ Առաքելյանն այսօր դատարանում տված ցուցմունքում ասաց, որ սպանության դրդապատճառը խանդն է եղել և «անհավատարմությունը չհանդուրժելը»։

Արտակ Առաքելյանը նշեց, որ նախկին կինը սիրավեպ է ունեցել ազգությամբ թուրք ոմն Նադիկի հետ, ում հետ ամուսինները ծանոթացել են գործի բերումով․ Հեղինեն ու Արտակը, երբ դեռ ամուսնացած էին, Մալաթիա-Սեբաստիայի տոնավաճառում վաճառում էին թուրքական ապրանքներ, հաճախ էին մեկնում Թուրքիա, Նադիկն իրենց գործընկերն էր այնտեղ։ Առաքելյանի խոսքով՝ Հեղինեն իրենց շուկայում շատ կանանց էր ճանաչում, որոնք ամուսնացել էին հարուստ թուրք առևտրականների հետ։ - «Երևի ինքն էլ էր ուզում»,- ասաց Առաքելյանը։

Դարբազյանի իրավահաջորդի՝ հանգուցյալի քրոջ պաշտպան Սեդա Սաֆարյանի պնդմամբ՝ նախկին ամուսինը կնոջը սպանել է ոչ թե խանդի հողի վրա, այլ շահադիտական շարժառիթներով։ Սաֆարյանի խոսքով՝ ամբաստանյալը շեշտում է խանդի պատմությունը, նշում է, թե իբր սիրեկան կար և նա թուրք էր, որպեսզի հայկական մտածելակերպ ունեցող մարդկանց մոտ ըմբռնում ստանա և ազդի դատարանի համոզմունքների վրա՝ պատժաչափի որոշման փուլում։

Նիստի ավարտին դատախազ Հակոբ Ենոքյանը հանդիպեց ներկա իրավապաշտպաններին ու լրագրողներին։

«Մարտի 31-ի դատական նիստի ժամանակ պաշտպանը հարց հնչեցրեց՝ ինչպե՞ս կարող էիք թույլ տալ, որ ձեր կինը թուրքի կամ ադրբեջանցու հետ շփվեր, ինչ-որ իրավապաշտպաներից մեկը ասաց՝ «այս ինչ ռասիստական արտահայտություններ եք անում»։ Այդ ռասիստները ձեր եղբայրներին սպանեցին ապրիլի սկզբին», - ասաց դատախազը և հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, թե արդյո՞ք կարելի է եզրակացնել, որ մեղադրական կողմը հավատում է ամբաստանյալի արդարացումներին։

XS
SM
MD
LG