Մատչելիության հղումներ

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի հիմնական թեման կոռուպցիայի դեմ պայքարն էր


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պնդեց՝ բյուջեի գումարներն անհարկի չեն օգտագործվում, կոռուպցիայի դեմ պայքարն էլ շարունակվում է:

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց հասարակական կազմակերպություններին պետական բյուջեից գումարներ տրամադրելու մասին։ Նրա կարծիքով` մոտ երկու միլիոն դոլար ուղղվել է կասկածելի նպատակների, մինչդեռ դա կարելի էր բանակաշինությանն ուղղել, օրինակ` ջերմադիտակներ գնել:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պնդեց՝ բյուջեի գումարներն անհարկի չեն օգտագործվում, կոռուպցիայի դեմ պայքարն էլ շարունակվում է․ - «Մենք դրա անհրաժեշտությունը չունենք, որ որոշ գումար էլ ներդնենք և ծախսենք Հանրապետական կուսակցության փիառ նպատակով․․․ Իսկ ինչ վերաբերում է բյուջեի գումարների ծախսման արդյունավետությանը, արդյունքները դուք կտեսնեք: Օրինակ, նախարարություններում սկսվել են կրճատումները՝ սկսած փոխնախարարների մակարդակից: Այսօր մենք Էկոնոմիկայի մեկ փոխնախարարի հաստիք կրճատել ենք: Վաղը ևս կրճատելու ենք երեք-չորս փոխնախարարներ»:

Նույն թեմայով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց՝ ասելով, թե կոռուպցիայի դեմ պայքարն այդքան էլ հեշտ գործ չէ, նույնիսկ ժողովրդավարական շատ երկրներ հաջողության չեն հասնում։

«Լուրջ արդյունքներով հպարտանալ դեռ չենք կարող, բայց դրանք սպասվում են», - ասաց նախարարը՝ շարունակելով․ - «Հայտարարագրերի բովանդակությունը, մեր կարծիքով, իրապես պետք է փոխվի։ Պետք է ավելացվի գործիքակազմ, որը այդ, մի կողմից, որոշ դեպքերում զանցանքները, մյուս կողմից՝ հանցագործությունները հնարավոր լինի պատշաճ բացահայտել»:

Իր ելույթում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցը ուղղեց վարչապետին․ - «Դուք, օրինակ, Սերժ Սարգսյանին, ինքներդ Ձեզ, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանին, Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին․․․ կոռումպացված համարո՞ւմ եք, թե՞ չէ»:

Հովիկ Աբրահամյանն արձագանքեց․ - «Ամեն դեպքում, ես գտնում եմ, որ Ձեր հայտարարությունը՝ օդից կախված, երևի մի քիչ հիմնավորեք»:

Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթ իր հետ արդեն բերել էր․ Հովիկ Աբրահամյանի՝ 2006-2007 թվականների հայտարարագիրը, ըստ որի, նա գյուղմթերքի վաճառքից հսկայական եկամուտ է ունեցել։

Վարչապետը հակադարձեց․ - «Լսեք ուշադիր: 2007 թվին առաջին անգամ մարդիկ հայտարարագրել են ոչ թե 2007 թվականի շահույթը, այլ ամբողջ կյանքի ընթացքում շահույթները»:

XS
SM
MD
LG